Սաուդյան Արաբիայում ուլտրաժամանակակից մեգապոլիս կկառուցվի

NEOM-ը զբաղեցնելու է 25.000 քկմ մակերես, լինելու է գիտության, տեխնոլոգիաների ու բարեկեցության քաղաք: Տեսնենք, թե ինչ ուշագրավ բնութագիր ունի այն:

Նկարը՝ © NEOM

Սաուդյան Արաբիայում սկսել են իրագործել «երկրի պատմության ամենաամբիցիոզ նախագիծը»՝ ֆուտուրիստական NEOM քաղաքը: Երկրի թագաժառանգ Մուհամեդ Սալման ալ Սաուդը խոստացել է 500 մլրդ դոլար հատկացնել յուրօրինակ քաղաքի կառուցման համար:

Բարձրտեխնոլոգիական քաղաքը կառուցվելու է Կարմիր ծովի ափին՝ միաժամանակ երեք պետությունների պատկանող հատվածում: Մյուս երկուսը՝ Եգիպտոսն ու Հորդանանը, դեռևս չեն մեկնաբանել: Ուշագրավ է, որ ներդրողների շարքում է նաև Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը, սակայն պայմանների մասին նույնպես տեղեկություններ հրապարակված չեն: Նախատեսվում է, որ այս նախագիծը կդառնա 2020թ. մեկնարկող կարևոր իրադարձություններից մեկը, որը կմիավորի Ասիան և Աֆրիկան:

© The Times

NEOM անվանումը հունական neos բառից է, որը նշանակում է «նոր», իսկ վերջին M տառն արաբերեն «մուստակբալ» բառն է՝ «ապագա»:

Ապագայի NEOM քաղաքը զբաղեցնելու է 25 հազար քառ.կմ տարածք (համեմատության համար՝ Նյու Յորքի տարածքը 1,2 հազար քառ.կմ է, Մոսկվայինը՝ 2,5 հազար քառ.կմ, ՀՀ տարածքը՝ մոտ 30 հազար քառ.կմ):

Տարածքի ընտրությունը պատահական չէ. այստեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը 10 աստիճանով ավելի ցածր է, քան երեք երկրների մյուս հատվածներում: Այդ պատճառով ներկայացված կոնցեպցիան կրում է «կատարյալ և խաղաղ անապատ»:

Խոսվում է նախագծում իդեալիզմի մեծ ծավալի մասին. շինարարության ավարտից հետո նախատեսվում է, որ NEOM-ն ունենալու է իր առանձնահատկությունները՝ սեփական օրենքները, հարկային կանոնները, «էլեկտրոնային կառավարությունը»: Սովորական մարդկանց կյանքն էականորեն տարբերվելու է Սաուդյան Արաբիայի կամ մուսուլմանական մյուս պետությունների քաղաքացիների ապրելակերպից ու կանոններից:

Ուլտրաժամանակակից մեգապոլիսի բնակիչները կարողանալու են հագնվել ըստ ցանկության, օգտագործել ալկոհոլ, կանայք կարող են հիջաբ չկրել, ազատորեն շփվել և աշխատել տղամարդկանց հետ:

Ամենաուշագրավը քաղաքի կառուցվածքն է լինելու: Նախատեսվում է, որ NEOM-ն էներգետիկ առումով անկախ քաղաք է լինելու, ընդ որում՝ օգտագործվելու է բացառապես ածխաթթու գազ չարտանետող էներգիա: Ներդրվելու են հատուկ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալու առավելագույնս պահպանել բնական ռեսուրսները:

«Կանաչ և ուլտրաժամանակակից մեգապոլիսում» գործելու են գիտական լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն կենսատեխնոլոգիաների մշակմամբ՝ օգնելով ապահովելու բնական և էկոլոգիապես մաքուր սննդով: Ներդրվելու են ծովի ջուրը խմելու դարձնող, վերամշակող, կրկնակի կիրառման համար պիտանի դարձնող նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև արտադրության և շինարարության նորարարական միջոցներ:

© ArchDaily

Քաղաքացիները կենցաղային տեխնիկայի կարիք չեն ունենալու. խելացի տներից բացի՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է ռոբոտ ծառաներ, ովքեր կազատեն աշխատանքային գործունեության մեծ մասից: Այդպիսի օգնականները սպասարկելու են նաև քաղաքի փողոցները, գրասենյակները, դպրոցները, բուժհաստատությունները և ժամանցային կենտրոնները:

Քաղաքում տեղաշարժման համար կիրառվելու է բացառապես էկոլոգիական տրանսպորտ՝ թռչող տաքսիներ և անձնական էլեկտրոմոբիլներ, գիրոբորդներ և գիրոսկուտերներ: Ամենակարող խելացի համակարգերը վերահսկելու են հանրային և մասնավոր տրանսպորտի ընթացքը, կարգավորելու են քաղաքի ողջ ենթակառուցվածքները:

Հաղորդվում է, որ մեգապոլիսում կառավարելու են նաև ամպերը… Տապին քաղաքացիները ստանալու են կենարար անձրև կամ հով եղանակ: Գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնելու համար մեգապոլիսի վերևում հայտնվելու է հսկայական Լուսինը՝ ապահովելով խնայողությունը:

Նոր մակարդակով է կազմակերպվելու կրթությունը. սովորական ուսուցիչների ու դասախոսների փոխարեն հոլոգրաֆիկ պատկերներ են լինելու, որոնք կբացատրեն նոր թեման: Ցանկացած հոլոգրամա հնարավոր կլինի հեռարձակել մի քանի դպրոցներում կամ բուհերում միաժամանակ: Նախատեսված բարօրությունն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու գործին մասնակցելու են ոչ միայն ներդրողները, այլև ամենատաղանդավոր և առաջադեմ գիտնականները, ինժեներները, ծրագրավորողները, մշակողները և մշակույթի ու արվեստի գործիչները: Դա թույլ կտա զարգացնել գիտությունը և նոր նախագծեր մշակել, որոնք ուղղված կլինեն ոչ միայն այս նոր քաղաքում, այլև ամբողջ երկրում կյանքի բարելավմանը:

Չնայած խոստումնալից հնարավորություններով քաղաքի հեռանկարին՝ այն միանշանակ չի ընդունվել տեղաբնիկների կողմից: Խնդիրն այն է, որ տեղի բնակիչները՝ շուրջ 20 հազար մարդ, մինչև 2030թ. տեղահանվելու են և վերաբնակեցվեն երկրի այլ շրջաններում: Նրանք հիմնականում բեդուիններն են, որոնք խոստացել են դիմադրել ծրագրի իրականացմանը, անհրաժեշտության դեպքում՝ կռվել: Հայրենի բնակավայրը լքելու ծրագրին դեմ արտահայտվողներից մեկը որոշումը համարել է «պետական ահաբեկչություն»: Ավելի ուշ նա սպանվել է ուժայինների կողմից. օրինական է՝ կառավարության ու պետության հասցեին քննադատությունը Սաուդյան Արաբիայում դատապարտելի է:

Telegram

Advertisements