«ԱՄԷ-ի ղեկավարությունը և այդ քայլը ողջունող բոլոր կառավարությունները պետք է պատրաստ լինեն հետևանքների համար պատասխանատվություն կրելու». Իրանի ԱԳՆ:
Նկար՝ © Wikimedia Commons \ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարությունը վճռականորեն քննադատել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Իսրայելի սիոնիստական ռեժիմի միջև կապի հաստատումը:
ԱՄԷ-ի կողմից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն Իրանը համարել է «ռազմավարական հիմարություն» Աբու Դաբիի և Թել Ավիվի մասնակցությամբ, ինչը, ըստ ԻԻՀ-ի, կհանգեցնի տարածաշրջանում Դիմակայության առանցքի հետագա վերակենդանացմանը:
Հայտարարությունում նշվում է, որ Պաղեստինի հալածված ժողովուրդը և աշխարհի ազատատենչ մյուս ժողովուրդները երբեք չեն ների Իսրայելի օկուպացիոն և արյունատենչ ռեժիմի, ինչպես նաև նրա գործողություններին աջակցող ու նրա հետ համագործակցող երկրների հետ հարաբերությունների կարգավորումը:
Իրանի ԱԳՆ-ն ընգծել է, որ վերջին 7 տասնամյակների ընթացքում մուսուլմանների առաջին Քիբլա համարվող Պաղեստինի սուրբ հողում թափված անմեղ արյունը «վաղ թե ուշ կանգնելու է նրանց կոկորդին, ովքեր դավաճանել են պաղեստինցիներին»:
Իրանի արտաքին գերատեսչությունն Իսրայելի կեղծ, անօրինական և անմարդկային ռեժիմի հետ Աբու Դաբիի կողմից հարաբերությունների կարգավորումը համարել է վտանգավոր: Նշվում է, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը և մյուս բոլոր կառավարությունները, որոնք կողջունեն այդ քայլը, պետք է պատրաստ լինեն հետևանքների համար պատասխանատվություն կրելու:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «պատմական» գործարքի մասին, որն ամերիկյան միջնորդությամբ կնքվել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև, որը, նրա խոսքով, կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Քննադատներն այս գործարքը համարում են Թրամփի փորձը՝ իր նախընտրական քարոզարշավը փրկելու և դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար: