Մասնագետներն ահազանգում են. կապարը երեխաների համար վտանգավոր է

Հետազոտությունը պարզել է, որ Աջարիայի երեխաների 85%-ի մոտ կապարի պարունակությունն օրգանիզմում բարձր է: Կապարային թունավորման հիմնական պատճառը կապարային մարտկոցների ապօրինի և չափորոշիչների խախտմամբ վերամշակումն է:

Նկար՝ © UNICEF/UNI157477/Kiron \ Երեխան՝ մարտկոցի մոտ, Բանգլադեշ

ՄԱԿ-ի (UNICEF) Մանկական հիմնադրամի վրաստանյան գրասենյակի աջակցությամբ Աջարիայում մեկնարկել է երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրների և ուղիների հետազոտության պիլոտային ծրագիրը:

Վտանգավոր կապարը՝ Աջարիայում

2018թ. ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Վրաստանում առաջին համաժողովրդական հետազոտություն է անցկացվել, որի տվյալներով՝ 2-7 տարեկան երեխաների 41%-ի օրգանիզմում կապարի պարունակությունը բարձր է: Հատկապես անհանգստացնող են Աջարիայից ստացված տվյալները. սևծովյան տարածաշրջանում կապարի բարձր քանակ է գրանցվել երեխաների 85%-ի մոտ:

Խնդրի լուծման նպատակով մշակվել է փուլային ռազմավարություն, որի շրջանակներում ՅՈւՆԻՍԵՖ-ն Աջարիայի կառավարության և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) հետ համատեղ աշխատելու է կապարային աղտոտվածության նվազեցման և կարգավորման ուղղությամբ:

2020թ. Աջարիայում կիրականացվեն ստուգումներ: Առաջին հերթին հետազոտվելու են հղիները և կրծքի կաթով կերակրող կանայք: Բացի այդ՝ Կազմակերպությունը նախատեսում է աջակցել Աջարիայում լաբորատոր ներուժի ստեղծմանը՝ տարատեսակ թունավոր նյութերի հետազոտության նպատակով: ՀՎԱԿ-ին արդեն փոխանցվել է 4 սարքավորում՝ արագ հետազոտությունների համար, ինչպես նաև անհրաժեշտ լաբորատոր պարագաներ: Կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ կապարի հետ կապված խնդիրը կարող է լուծվել 1-3 տարվա ընթացքում:

Կապարի վտանգավորությունը

Կապարը թունավոր նյութ է, որի կուտակումը հանգեցնում է օրգանիզմի մի շարք համակարգերի խանգարմանը: Հատկապես խոցելի են մանկահասակ երեխաները, քանի որ նրանց օրգանիզմում 4-5 անգամ ավելի շատ կապար է ներծծվում, քան մեծերի մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կապարի ազդեցության անվտանգության որոշակի մակարդակ հայտնի չէ: Միևնույն ժամանակ՝ ապացուցված է, որ կապարի ազդեցությամբ մյուս ախտանշաններն ու հետևանքներն ավելի են խորանում: Վերջին տվյալներով՝ երեխաների արյան մեջ կապարը 1 դեցիլիտրում 5 միկրոգրամը չպետք է գերազանցի:

ՅՈւՆԻՍԵՖ-ի և Pure Earth-ի նոր՝ «Թունավոր ճշմարտություն․ կապարային թունավորումը քայքայում է սերնդի ներուժը» զեկույցի համաձայն՝ կապարային թունավորումը հսկայական և մինչև օրս անհայտ մասշտաբների հասնող ազդեցություն է թողնում երեխաների վրա:

Իր տեսակի մեջ առաջին զեկույցը փաստում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ երեխայի, այսինքն՝ ավելի քան 800 մլն երեխայի արյան մեջ կապարի պարունակությունն այնքան է, որ նման դեպքերում ԱՀԿ-ն և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը միջամտության անհրաժեշտություն են տեսնում (5 միկրոգրամ մեկ դեցիլիտրում կամ ավելի բարձր):

Նշվում է, որ կապարն իր թույլ արտահայտված նշաններով լուռ քայքայում է երեխայի առողջությունն ու զարգացման ներուժը՝ նպաստելով հետագա հնարավոր խնդիրների առաջացմանը: Այն, որպես ուժեղ նեյրոտոքսին, չվերականգնվող վնաս է հասցնում երեխայի ուղեղին։ Կապարը հատկապես կործանարար է մինչև 5 տարեկանների համար (ուղեղի զարգացման շրջան): Կապարի վնասակար ազդեցությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում նյարդային, հոգեկան և ֆիզիկական խաթարումների պատճառ դառնալ։

Կատարված հետազոտությունը փաստում է, որ երեխայի հոգեկան առողջությանը հասցված վնասը կարող է վարքային խնդիրներ առաջացնել՝ ավելացնելով բռնարար և հանցագործ վարք դրսևորելու հավանականությունը։ Ավելի մեծ տարիքում հետևանքները, երբեմն, ավելի ծանր են լինում. երիկամների և հետագայում սրտանոթային հիվանդություններ:

Կապարային թունավորման հիմնական պատճառները

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կապարային թունավորման հիմնական պատճառը կապարային մարտկոցների ապօրինի և չափորոշիչների խախտմամբ վերամշակումն է, ինչն այդ երկրներին կարող է գրեթե 1 տրիլիոն դոլարի վնաս հասցնել՝ հիմնականում երեխաների տնտեսական ներուժի կորստի հաշվին։

Այդպիսի երկրներում վերջին 20 տարում տրանսպորտային միջոցների քանակը եռակի աճել է։ Մարտկոցների վերամշակման օրենսդրության բացակայությունը հանգեցրել է կապարային մարտկոցների անօրինական վերամշակման 50% աճի։

Վտանգավոր և հաճախ անօրինական վերամշակման ընթացքում կոտրվում են մարտկոցների պատյանները, դրանում պարունակվող թթուն և կապարի փոշին թափվում են հողին, ապա կապարը վերամշակվում է բաց վառարանում և թունավոր նյութերն արտանետվում են շրջակա միջավայր: Այդ գործողությունն իրականացնող մարդը, հաճախ, տեղյակ էլ չէ կապարի ուժեղ նեյրոտոքսին լինելու և դրա վտանգավոր ազդեցության մասին:

Կապարային թունավորման այլ աղբյուրներ են կապարային խողովակներից հոսող ջուրը, արդյունաբերության մեջ օգտագործվող կապարը, կապարի հիմքով ներկերը, ներկանյութերը, բենզինը, որը կապարի թունավորման հիմնական աղբյուրներից է: Վտանգի աղբյուր կարող են լինել նաև կապարի պարունակությամբ սննդի տարաները, կապար պարունակող կոսմետիկան, խաղալիքները և այլն։ Կապարի օգտագործմամբ աշխատանք կատարողները կարող են հագուստի, կոշիկների հետ դրա փոշին տուն բերել՝ վտանգելով իրենց երեխաներին։

Pure Earth-ի նախագահ Ռիչարդ Ֆյուլերի խոսքով՝ իրականում կապարը կարելի է անվտանգ վերամշակել՝ առանց վնասելու աշխատողներին, երեխաներին և միջավայրը։ Իսկ կապարով ախտահարված տարածքները կարելի է վերականգնել: Մարդկանց պետք է տեղեկացնել կապարի վտանգների մասին և խրախուսել, որ իրենց և իրենց երեխաներին պաշտպանեն այդ վտանգից։ «Կապարի վնասակար ազդեցությունը կանխելու համար արված ներդրումների վերադարձը հսկայական է՝ առողջության բարելավում, արտադրողականության բարձրացում, բարձր IQ-ի հնարավորություն, բռնության նվազում և ավելի պայծառ ապագա միլիոնավոր երեխաների համար»,- նշել է Ֆյուլերը:

Telegram