Գիտնականները 100 տարի անց գտել են կարմիր ջրի ծագումն ու պատճառը. 500 մ հաստությամբ սառույցի ճնշում, լճում աղի ու երկաթի մեծ քանակություն:
Նկար՝ © Naked Science \ Անտարկտիդայի «արյան ջրվեժը»
Մեր մոլորակի վրա հետաքրքիր և արտասովոր վայրեր շատ կան: Դրանցից մեկը բացահայտվել է Անտարկտիդայում՝ նախորդ հարյուրամյակի սկզբում: Այն իսկապես անբացատրելի երևույթ է. Թեյլոր անվամբ սառցադաշտից ալ կարմիր գույնի ջուր է հորդացել:

Նմանատիպ երևույթները հազվադեպ են հանդիպում: Տեսաբանների կարծիքով՝ այն երկու հանգամանքներով է պայմանավորված. ջերմաստիճանը և տարվա եղանակը: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սառցադաշտը լճի վրա ճնշում է գործադրում, ինչը հանգեցնում է ջրի արտահոսքին: Իսկ թե ինչու է գույնը կարմիր, գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են:

Արտասովոր ջրվեժի առեղծվածը բացահայտվել է շուրջ 100 տարի անց: Մոտ 500 մետր խորությամբ սառցե շերտի ներքո հայտնաբերվել է աղի լիճ: Տարիքը հաշվվել է միլիոններով: Ենթադրվում է, որ լճի առանձնացումն օվկիանոսից տեղի է ունեցել օվկիանոսի ջրի կտրուկ անկման հետևանքով՝ սառցե դարաշրջանի սկզբում:

Մի շարք փորձարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ արտասովոր գույնի այդ ջուրը աղի ավելի մեծ պարունակություն ունի, քան օվկիանոսի ջուրը, ինչն էլ թույլ չի տալիս սառչել ցածր ջերմաստիճանի պայմաններում: Իսկ ջրի ալ գույնը նրանում երկաթի մեծ քանակության պատճառով է: Թթվածնի հետ փոխազդեցության պարագայում քիմիական ռեակցիա է տեղի ունենում, որի արդյունքում թթվայնությունը բարձրանում է, հեղուկը ներկվում է վառ կարմիր գույնով:

Լճի հատակին պահպանված միկրոօրգանիզմները երկաթն օգտագործում են որպես սննդանյութ: Այլ տարբերակներ նրանց հասանելի չեն, քանի որ այդ պայմաններում ֆոտոսինթեզ տեղի չի ունենում: Հնարավոր է՝ սառույցի տակ թաքնված ջրավազանը հիմնովին ուսումնասիրելու դեպքում գիտնականները կկարողանան ավելի շատ տեղեկություններ ստանալ նմանատիպ պայմաններով այլ մոլորակների վերաբերյալ:

Հետազոտական աշխատանքների կատարման բարդությունը պայմանավորված է քիչ ֆինանսավորմամբ: Նշվում է, որ ոչ միայն տվյալ լճի, այլև ամբողջ մայրցամաքի ուսումնասիրության համար քիչ միջոցներ են հատկացվում, այդ պատճառով շատ երևույթներ հարավային բևեռում դեռևս քիչ են ուսումնասիրված: