Հարցազրույց երգչուհի Քրիստինա Սահակյանի հետ. Համշենի երգեր, նոր ծրագրեր

Քրիստինա Սահակյանը հին հայկական և համշենական երգեր է կատարում, նվագում է: Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, համշենական երգերի, առաջիկա ծրագրերի մասին: Քրիստինան բնաձայնով երգում է հատուկ մեր ընթերցողի համար:

Նկարները՝ Քրիստինա Սահակյանի ֆեյսբուքյան էջից:

REGST. Խնդրում եմ` մի փոքր պատմեք Ձեր մասին: Ինչո՞վ եք ներկայումս զբաղվում:

Քրիստինա Սահակյան. Ծնվել եմ Մոսկվայում՝ 1995թ.: 6 տարեկանում տեղափոխվել եմ Մոլդովա և սկսել եմ զբաղվել երգով։ 8 տարեկանից սովորել եմ երաժշտական դպրոցում՝ կիթառի, դաշնամուրի բաժիններում, ավարտել եմ կարմիր դիպլոմով։ 2014 թվականին ընտանիքիս հետ միասին տեղափոխվել եմ Հայաստան։ Հայերենին սկսել եմ տիրապետել մի քանի տարի հետո՝ երգերի միջոցով։

2016 և 2018 թվականներին «Ոսկե դելֆին» միջազգային փառատոներում (Բաթումի) զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը: 2018թ. Լիբանանի քաղաքներում մենահամերգներ եմ ունեցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Բեյրութում երգել եմ նաև Կաթողիկոս Արամ Առաջինի սաների համար:

Այժմ զբաղվում եմ Համշենական ու ժողովրդական երգերի մշակմամբ։ Այս պահին զարգացնում եմ իմ YouTube-յան ալիքը (Kristina Sahakyan):

REGST. Ինչպե՞ս սկսեցիք համշենահայերեն երգել, սիրողական ցանկությո՞ւն է, ազգային կա՞նչ, թե՞ այլ:

Քրիստինա Սահակյան. Երբ առաջին անգամ լսեցի Համշենի բարբառով երգերից մեկը (Քուզիմ)՝ 2017 թվականին, լսեցի հայկական ծանոթ բառեր, բայց դժվար հասկացվող։ Ես միանգամից սիրեցի այդ բարբառը և սկսեցի փնտրել այլ երգեր։

Համշենական երգերի մասին իմացել եմ համշենագետ Սերգեյ Վարդանյանից։

REGST. Ըստ Ձեզ՝ համշենահայերենն այսօր ինչպե՞ս է ընկալվում հայության շրջանում: Ձեր երկրպագուները ո՞ր տարբերակն են ավելի շատ հավանում՝ արևելահայերե՞ն, թե՞ համշենահայերեն:

Քրիստինա Սահակյան. 2017թ. հոկտեմբերին Նարեկացի արվեստի միությունում համերգ կազմակերպեցի հայկական, Համշենական երգերի ծրագրով և դրական արձագանք ստացա։ Շատ մարդիկ առաջին անգամն էին լսում համշենի երգերը։ Մի տարի հետո հանդիպեցի Սերգեյ Վարդանյանին։ Ինքը փոխանցեց երգերի բառերը և թարգմանությունները, որ մարդկանց ավելի հեշտ լինի հասկանալ երգերի իմաստը։ Իսկ երբ առաջին անգամ ձայնագրեցի համշենի երգերից մեկը (Մադմոնեդ մոնա) և տեղադրեցի իմ ալիքում, ավելի արագ տարածվեց և սիրվեց Հայաստանում։

Քրիստինա Սահակյան, ելույթից առաջ

Շատերի համար այդ երգերը նորություն են։ Հետաքրքիրն այն է, որ հայերն ավելի շատ Համշենի երգերից են լսում, իսկ համշենահայերը շատ են սիրում արևելահայերեն երգերը։

REGST. Երգով հնարավո՞ր է ազգապահպանությանը նպաստել: Ի՞նչ նշանակություն ունի երգը Ձեզ համար:

Քրիստինա Սահակյան. Երգերի միջոցով մեզ փոխանցվում են մեր պատմությունը, սովորությունները, ավանդույթները։

Հին հայկական երգերի մեջ կա իմաստ, ջերմություն, սեր։ Այդ ամենը շատ դրական է ազդում հոգու վրա։

REGST. Համշենցիներին ծանո՞թ եք. Ի՞նչ կարծիքի են Ձեր կատարումների մասին:

Քրիստինա Սահակյան. Այո։ Ունեմ ծանոթներ, որոնք եկել էին Հայաստան իմ կատարումները լսելու համար։ Կան մարդիկ, որոնք տեղափոխվեցին Հայաստան ապրելու։ Իմ հետևորդների մեծամասնությունը Համշենահայեր են։ Իրենց համար շատ հաճելի է, որ համշենի բարբառով երգեր են կատարում։

REGST. Ձեր կատարմամբ երգերից ո՞րն եք ամենաշատը հավանում:

Քրիստինա Սահակյան. Իմ ամենա սիրած երգը՝ «Մադմոնեդ մոնա»: (Երգչուհին բնաձայնով երգի կատարումը նվիրում է մեր սիրելի ընթերցողին).

REGST. Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար. նոր երգե՞ր, համերգնե՞ր:

Քրիստինա Սահակյան. Շուտով նոր երգեր եմ ձայնագրելու ( Համշենական, հին հայկական երգեր)։ Իսկ կարանտինից հետո շարունակելու եմ իմ համերգները նաև նոր խմբով (Ախթամար):

Telegram

Advertisements