Վերին Լարսի անցակետի ընդլայնման աշխատանքները կսկսվեն 2021թ.

Ռուս-վրացական սահմանի անցակետի թողունակության և խցանումների խնդրի լուծումը կարժենա մոտ 1,9 մլրդ ռուբլի: Շինարարությունը կավարտվի 2022թ.:

Նկար՝ © Андрей © ИА Красная Весна

Ռուսաստան-Վրաստան պետական սահմանի Վերին Լարս անցակետի ընդլայնման աշխատանքները կմեկնարկեն 2021թ. և կավարտվեն 2022թ:

Հաղորդվում է, որ վերակառուցումն իրականացվելու է «Միջազգային կոոպերացիա և արտահանում» ազգային ծրագրի իրականացման շրջանակներում: Ներկայումս ընթացքում են ծրագրային փաստաթղթավորումը և նախահաշվային փորձաքննությունը, որը կավարտվի սեպտեմբերին: Նախնական տվյալներով՝ անցակետի ընդլայնման աշխատանքների արժեքը կկազմի 1,9 մլրդ ռուբլի (մոտ 26 մլն դոլար կամ 12,5 մլրդ դրամ):

Կազբեգի-Վերին Լարս ռազմավրացական ճանապարհի արդիականացման անհրաժեշտությունը ծագել է անցակետի ծանրաբեռնվածության պատճառով: Անցակետով օրական 13 հազար մարդ թ անցնում՝ այն դեպքում, երբ նախագծային (առկա) թույլտվությունը 4 հազար է: Թեթև մեքենաների դեպքում թողունակությունը 15 անգամ գերազանցում է նախագծային ցուցանիշները, իսկ բեռնատար ավտոմեքենաների դեպքում՝ 3 անգամ: Միաժամանակ՝ անցակետի հնարավորություններն էականորեն նվազում են ձմռանը՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Շինարարությունը նախատեսում է երկտեղ ուղիների փոխարեն ստեղծել 4-ը՝ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների ընթացքը կարգավորելու նպատակով: Կառուցվելու է նաև նոր հսկիչ կետ: Շինաշխատանքների իրականացման ընթացքում կատարվելու են պայթեցումներ:

Ճանապարհի թողունակությունը մեծացնելու նպատակով ուսումնասիրվել է մյուս անցակետերի փորձը: Նախատեսվում է ներդնել վերահսկման էլեկտրոնային կնիք և էլեկտրոնային հերթի համակարգ, ինչպես նաև ստեղծել հարմարավետ սպասավայր:

Նշենք, որ Կազբեգի-Վերին Լարս անցակետը միակն է, որով հնարավոր է անցնել Կովկասյան լեռնաշղթան: Այդ անցակետը դարպաս է Ռուսաստանի համար՝ դեպի լեռնաշղթայից հարավ ընկած երկրներ, և հատկապես՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Իրան: Համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից հետո Վերին Լարսի անցակետը բաց է միայն բեռնատար տրանսպորտի համար:

Telegram

Advertisements