Հունաստանում նշել են Թուրքիայի գործողությունների իրական նպատակը

Անկարան հանքավայր չի որոնում, այլ փորձում է հաստատվել այն տիրույթում, որը ծովային սահմանագծման շուրջ ապագա բանակցություններին հետաքրքրություն է ներկայացնելու:

Նկար՝ © DHA Photo \ Թուրքական նավը՝ Միջերկրական ծովում

Հույն աշխարհագետ-նավթաբան Կոստաս Նիկոլաոսը հայտարարել է, որ Միջերկրական ծովում թուրքական Oruç Reis (Օրուչ Ռեիս) սեյսմոլոգիական նավի գործունեությունն առավել նման է զորքերի ծավալմանը, քան հետազոտական գործունեությանը:

Մասնագետը նշել է, որ համաշխարհային փորձի համաձայն՝ հանքավայրերի հետախուզումը երկու փուլ է ենթադրում. նախ՝ իրականացվում է կրկնակի սեյսմիկ հետախուզություն մեծ տարածքներում, ինչից հետո ընտրվում են առավել փոքր գոտիներ, որտեղ իրականացվում է եռաչափական նկարահանում: Oruç Reis-ը հետազոտությունների երկու փուլն էլ կարող է իրականացնել:

Նիկոլաոսի խոսքով, սակայն, թուրքական նավի գործողություններն այդ երկու աշխատանքներից ոչ մեկը չեն ենթադրում. դրանք չեն համապատասխանում ո՛չ մեթոդաբանության, ո՛չ փորձին, և Անկարայի կողմից նավին տրված հանձնարարությունը հետազոտական չէ:

Փորձագետը հայտարարել է, որ եռաչափ նկարահանման համար անհրաժեշտ է նավախելից ծավալել մոտ 10 սեյսմոլոգիական հյուսքեր, սակայն կասկածելի է, որ ուղեկցող նավերի այդպիսի քանակության դեպքում հնարավոր կլիներ դա իրականացնել և հետազոտություն կատարել: Բացի այդ՝ ուղեկցող նավերը ձայնային տատանումների համար խոչընդոտներ են առաջացնում:

Տվյալ շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող գիտական հստակ հետազոտության համար կպահանջվեր երեք ամիս, ընդ որում՝ գիտական ճշգրիտ փորձերի կիրառմամբ, սակայն «ոչ այնպես, ինչպես շարջվել է Oruç Reis-ը՝ ռազմական նավերի ուղեկցությամբ»:

© OPEN

Նիկոլաոսի խոսքով՝ թուրքական գործողությունները Միջերկրական ծովում փաստում են, որ Անկարան հանքավայրերի հայտնաբերման նպատակ չի հետապնդում, այլ շտապում է իր ներկայությունն ամրագրել ջրային այն տիրույթում, որը ծովային սահմանազատման շուրջ ապագա բանակցությունների ժամանակ հետաքրքրություն է ներկայացնելու իր համար:

Մասնագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիան փորձել է որոնողական աշխատանքներին ներգրավել օտարերկրյա նավեր ու ընկերություններ: Սակայն երբ այդ ընկերությունների ու երրորդ երկրների կառավարությունների համար պարզ դարձավ, որ սա հավակնությունների ու աշխարհաքաղաքական վեճերի միջոց է, հետաքրքրությունը նրանց կողմից ի չիք դարձավ, քանի որ «ոչ մի խոշոր ու լուրջ ընկերություն չի դիմի նման արկածախնդրության»:

Արդյունքում Թուրքիան հետազոտական հանձնարարությունը փոխանցել է պետական Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO) ընկերությանը, որն առավել հայտնի է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության իրականացման գործիք:

Կոստաս Նիկոլաոսը նշել է, որ Թուրքիան առաջին հերթին հետաքրքրված է նրանով, որ դիրքերն ամրապնդի «Կապույտ հայրենիքի» (Mavi Vatan) սահմաններում. սա ենթադրում է անմիջական սահմանագիծ մայրցամաքների միջև, կղզային պետությունների գոյության և ծովային գոտիների սահմանազատման վրա կղզիների գործոնի մերժում:

Հիշեցնենք՝ 2020թ. օգոստոսին թուրքական Oruç Reis նավը ռազմական նավերի ուղեկցությամբ հայտնվել էր Հունաստանի ծովային տարածքում՝ ածխաջրածնային հանքավայրերի որոնումների նպատակով: Հունաստանը հայտարարել էր իր ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստականության մասին՝ ընդհուպ մինչև ռազմական ճանապարհով: Հունական կողմը հաղորդել է, որ թեև Թուրքիան հայտարարել է նավի միջոցով սեյսմիկ հետախուզություն կատարելու մասին, սակայն թուրքական ռազմական նավերի աղմուկը դա անհնար էր դարձնում:

Թուրքական գործողություններին արձագանքել է նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ը՝ նշելով.

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»:

Հավելենք, որ թուրքական հետախուզական նավը հունական ռազմածովային ուժերի ֆրեգատի հետ «պատահաբար» բախումից հետո հեռացել էր, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել, քանի որ Անկարան հունական ծովային տարածքի նկատմամբ ոտնձգություններից չի հրաժարվել:

Telegram

Advertisements