Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական խոչընդոտների մասին

Ադրբեջանցի տնտեսագետի համոզմամբ՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում խոչընդոտ են Ղարաբաղյան հարցը, ԵԱՏՄ-ից դուրս լինելը, Թուրքիայի հետ սերտ կապը:

Նկար՝ © Getty Images \ Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ֆինանսային մենեջմենթի ամբիոնի վարիչ, դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Այազ Ալադինօղլի Ալիևն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս առկա տնտեսական հարաբերությունների և դրանց զարգացման խոչընդոտների վերաբերյալ:

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են արդեն 20 տարի: Ապրանքաշրջանառությունը և համատեղ կապիտալով ձեռնարկությունների քանակը կայուն տեմպերով աճում են: Նախկինում, գիտնականի գնահատմամբ, առկա են եղել որոշ խոչընդոտներ այդ հարաբերություններում, սակայն ներկայումս սահմանափակումները նվազագույնն են:

Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ստորագրված է ավելի քան 80 միջպետական և միջկառավարական փաստաթուղթ: Ներկայումս Ադրբեջանում գործում է 700 համատեղ ձեռնարկություն, որոնցից 200-ը լիովին ռուսական կապիտալով են: Դրանք հիմնականում գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում են: Ադրբեջանում գործում են ռուսական Գազպրոմը, Տրանսնեֆտը, Լուկոյլը, Կամազը, ԳԱԶ-ը: Ռուսաստանում գործում է Ադրբեջանական նավթային ընկերության՝ Socar-ի դուստր ընկերությունը:

Ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում գերազանցել են 5 մլրդ դոլարը: Ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում շուրջ 1,2 մլրդ դոլար են: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2019թ. կազմել է 3 մլրդ դոլար (2018-ին՝ 2,5, 2017-ին՝ 2,1 մլրդ դոլար): 2020թ., ըստ մասնագետի, այդ ցուցանիշն էականորեն նվազելու է՝ համավարակով պայմանավորված:

ԽՍՀՄ անկումից հետո ռուս-ադրբեջանական մերձեցումը վերսկվել է 1994թ.-ից, երբ Ռուսաստանը հետաքրքրություն ցուցաբերեց Ադրբեջանի նավթային ոլորտի նկատմամբ:

1997թ. Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրվել է «բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» համաձայնագիրը: Դրանից հետո փոխադարձ կապերը սկսել են զարգանալ ավելի մեծ տեմպերով: Ռուսական ներդրումների շնորհիվ Ադրբեջանի տնտեսությունը սկսեց վերականգնել ենթակառուցվածքները:

Ադրբեջանը Ռուսաստան է արտահանում գյուղմթերք, բնական գազ: Հակառակ ուղղությամբ մատակարարվում են մեքենաներ, սարքավորումներ, մետաղներ, փայտանյութ, քիմիական ապրանքներ:

2008թ. կնքվել է «բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին» դեկլարացիան: Դրանից հետո ապրանքաշրջանառության որոշ խոչընդոտներ ևս վերացվեցին: 2020թ. դրությամբ առևտրի ոլորտում Ադրբեջանն իրեն համարում է Ռուսաստանի թիվ մեկ գործընկերն ԱՊՀ-ում՝ ԵԱՏՄ անդամ-երկրներից հետո:

Տնտեսագետ Այազ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական զարգացման ներկայիս խնդիրներից է համարել Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ Ռուսաստանը միջնորդ է. Բաքուն ցանկանում է շուտափույթ լուծել այդ հարցը:

Հակամարտությունը, ի թիվս այլոց, խնդիր է այնքանով, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ի անդամ չէ: Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը համարում է կարևոր անհրաժեշտություն: (Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին խոչընդոտում է Ադրբեջանի մուտքը Միություն. խմբ.):

Ռուսաստանի հետ հարաբերություններում արդի խոչընդոտներից են նաև Բաքվի կողմնորոշումը դեպի Թուրքիա և Եվրոպա: Ադրբեջանական գազի մատակարարումը թուրքական և եվրոպական շուկաներ լրջագույն մրցակցություն է ռուսական կողմի համար. Թուրքիա մատակարարվող գազի հիմնական մասն ադրբեջանականն է: Ռուսական մասնաբաժինն աստիճանաբար նվազում է, ինչը հավելյալ խոչընդոտ է առաջացնում Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում:

Հավելենք, որ առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի առաջին պաշտոնական այցը Մոսկվա:

Telegram

Advertisements