Ինչպե՞ս է համավարակն ազդել Վրաստանի բնակչության վրա

UNICEF-ն ուսումնասիրել է Covid-19-ի համավարակի ազդեցությունը Վրաստանի բնակչության և, մասնավորապես, երեխաների կյանքի մակարդակի վրա:

Նկար՝ © UNICEF/GEO-2011/Blagonravova \ Վրաստան, դպրոցականներ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) Վրաստանի կառավարության հետ համատեղ զեկույց է հրապարակել միկրոսիմուլյացիայի մոդելի վերաբերյալ: Նպատակը՝ բացահայտել կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը երկրի բնակչության և, մասնավորապես, երեխաների կյանքի մակարդակի վրա:

Նշվել է, որ պետության կողմից տրամադրվող ֆինասնական աջակցությունն էականորեն նպաստել է աղքատության հաղթահարմանը:

Վրաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Հասան Հալիլը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը կարող է կործանարար ազդեցություն ունենալ երեխաների վրա. դրա հետևանքները կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում: Նա կարևոր է համարել այս բարդ իրավիճակում սոցիալական պաշտպանության միջոցներով աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին: Հալիլի խոսքով՝ սոցիալական հավելյալ անվտանգությունը կարող է որոշիչ դերակատարում ունենալ երեխաներով ընտանիքներն աղքատացումից հետ պահելու հարցում:

UNICEF-ի հետազոտությունները ցույց են տվել, որ՝

  • Covid-19-ի համավարակի պատճառով հետևանքով Վրաստանում բնակչության աղքատության մակարդակը «մեղմ ճգնաժամի» դեպքում կբարձրանա՝ 21,7-ից հասնելով 24%-ի, «որոշակի ճգնաժամի» դեպքում՝ 26-ի, իսկ «ծանր ճգնաժամի» դեպքում՝ 30,9%-ի:
  • Սպասվում է, որ մանկական աղքատության ցուցանիշը «մեղմ ճգնաժամի» դեպքում կբարձրանա՝ ներկայիս 27,6%-ից հասնելով 30,8%-ի, «որոշակի ճգնաժամի» դեպքում՝ 32,7%-ի, իսկ «ծանր ճգնաժամի» դեպքում՝ 37,8%-ի:
  • Աղքատության մակարդակը գյուղերում ավելի բարձր է լինելու, քան՝ քաղաքներում, իսկ անհավասարությունն ակնհայտ է լինելու ուրբանիստական բնակավայրերում:
  • Պահանջարկն էականորեն նվազելու է այն ընտանիքներում, որոնք մինչև համավարակը քիչ են ծախսել:

Իրականացված ուսումնասիրությունների հիման վրա UNICEF-ը խորհուրդների ցանկ է կազմել, որոնք պետք է օգնեն իշխանություններին՝ առավել հստակ և արդյունավետ կազմակերպելու հակաճգնաժամային միջոցառումները:

Telegram

Advertisements