ԱՀԿ-ն կոչ է արել դիմակը պարտադիր դարձնել 12 տարեկանից բարձր երեխաների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցներում դիմակ կրելու խորհուրդներ են հրապարակել:

Նկար՝ © Yossi Aloni/Flash90 \ Երեխաները՝ դիմակով

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) խորհուրդներ են հրապարակել երեխաների կողմից դիմակ կրելու պահանջի վերաբերյալ: Կազմակերպությունները համարում են, որ մինչև 5 տարեկան երեխաները բժշկական դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Դիմակները պարտադիր պետք է լինեն 12 տարեկանից բարձր երեխաների համար:

ԱՀԿ-ի հայտարարության համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում դիմակ չկրելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց ընդհանուր հետաքրքրություններով, դիմակը կրելու ունակությամբ ու անվտանգությամբ:

6-11 տարեկան երեխաների դեպքում դիմակ կրելու պարտադիրության հարցը որոշելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ. երեխայի բնակության (գտնվելու) վայրում կորոնավիրուսի տարածվածության մակարդակը, երեխայի՝ դիմակն անվտանգ և ճիշտ կրելու ունակությունը, մեծերի կողմից պատշաճ հսկողության առկայությունը և այլն: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հաշվի առնել նաև դիմակ կրելու հավանական ազդեցությունն ուսուցման և սոցիալ-հոգեբանական զարգացման վրա, ինչպես նաև պաշտպանիչ միջոցներին հասանելիությունը, դրանք փոխելու և լվանալու հնարավորությունը:

12 տարեկան և բարձր տարիքի երեխաները, ըստ ԱՀԿ-ի, պետք է հասուն մարդկանց նման դիմակ կրեն՝ պահպանելով այն կանոնները, որոնք սահմանված են մեծերի համար:

ԱՀԿ-ից ու Մանկական հիմնադրամից բացի՝ բազմաթիվ մասնագետներ այս օրերին քննարկում են դպրոցներում երեխաների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջի հարցը: Գիտնականների մի մասը համարում է, որ փոքր տարիքի դպրոցականները դիմակ կարող են չկրել. նախ՝ անվտանգության առումով նրանք խոցելի չեն, բացի այդ՝ հնարավոր է այլ միջոցներով ձեռնարկել համաճարակի տարածման կանխարգելումը:

Telegram

Advertisements