Լեհաստանում ավարտվում է ամենախորը լողավազանի շինարարությունը

Աշխարհի ամենամեծ լողավազանը՝ DeepSpot-ը, իր 45 մետր խորությամբ և 8 հազար խմ ջրի տարողունակությամբ, հավակնում է դառնալ ռեկորդակիր:

Նկար՝ © housebeautiful.com \ DeepSpot

Լեհաստանի Մշոնով քաղաքում ավարտվում է աշխարհի ամենախորը և դայվինգի համար ամենախոշոր լողավազանի շինարարությունը: Ավարտին սպասում են հատկապես դայվերները, ովքեր կկարողանան առանց հիդրոկոստյումի տևական մարզումներ կատարել և սուզվել մինչև 45 մետր: Ամենաուշագրավն այն է, որ այդ ամենին կարող են հետևել ստորջրյա համարների հյուրերն ու ռեստորանի այցելուները:

Լեհական այս լողավազանը՝ DeepSpot-ը, իր չափերի ու խորության շնորհիվ գերազանցում է իտալական Terme Millepin հյուրանոցի սահմանած ռեկորդը: Լողավազանում ջրի ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձր է լինելու սովորակից՝ հնարավորություն ընձեռնելով առանց հատուկ համազգեստի երկար ժամանակ մարզումներ կատարել: Լողավազանի տարողունակությունը 8 հազար խմ ջուր է: Այստեղ կարող են լողալ նաև ցանկացողները:

Իսկ նրանց համար, ովքեր սիրում են նայել լողացողներին, հետևել մարզումներին, կառուցվել են հատուկ, թափանցիկ թունելներ: Հատակին հավասար համարներ, համաժողովի սրահներ ու ռեստորան են կառուցվել, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի լողավազանը: Սուզորդներն էլ իրենց միայնակ չեն զգա:

Կոնցեպտի հեղինակները նշել են, որ նմանատիպ կառույցի ոչ միայն նախագծումն է բարդ, այլև այն կյանքի կոչելը: Հիմնական խնդիրը կապված է եղել հողային աշխատանքների հետ. հազարավոր տոննաների ապար է դուրս բերվել մեծ խորությունից: Բացի այդ՝ պահանջվել է հատուկ ցեմենտ՝ շլակի հիմքով, որը տարբերվում է կալաքարի քիչ պարունակությամբ, հիդրատացիայի ցածր ջերմությամբ, բարձր սուլֆատակայունությամբ և CO2-ի քիչ արտանետումներով:

© housebeautiful.com \ DeepSpot

Մյուս կարևորագույն խնդիրը ջրի մաքրությունը պահպանելն էր: Սովորական լողավազանների համակարգն այստեղ օգտագործելն անհնար է եղել, ուստի ինժեներների խումբն այնպիսի տեխնոլոգիա է մշակել, որի շնորհիվ ջուրը շուրջօրյա մաքրման գործընթացում է՝ չխոչընդոտելով լողորդներին ու սուզորդներին:

Համավարակի և տնտեսական խնդիրների պատճառով լողավազանի շինարարությունը դեռ չի ավարտվել, թեև հիմնական մասն արված է: Իսկ այդ դեպքում DeepSpot-ը ռեկորդակիր կարող է ճանաչվել միայն շինարարության վերջնական ավարտից հետո:

Հեղինակների անհանգստությունն այն է նաև, որ ռեկորդակիրի կոչումը կարող է երկար չպահպանվել. առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել նաև մեծբրիտանական Blue Abyss-ը՝ 50 մ խորությամբ: Սակայն նրանք վստահ են, որ, անկախ կոչումից, լեհական տարբերակն առանձնահատուկ է լինելու իր բազմաֆունկցիոնալությամբ ու հետաքրքրականությամբ, պահանջված է լինելու բոլորի կողմից:

Telegram

Advertisements