Կորոնավիրուսով կրկնակի վարակումը թեթև է անցնում. Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան հայտնել է, որ կրկնակի վարակման դեպքում օրգանիզմն արդեն հակամարմիններ է ունենում:

Նկար՝ © Ipress.ge \ Մարինա Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտնել է, որ կորոնավիրուսով կրկնավարակումը (վերավարակում), բացի առանձին դեպքերից, գրեթե առանց ախտանշանների է անցնում:

Գիտական հանրության կողմից քննարկվող թեմայի՝ կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքերի վերաբերյալ հարցը մեկնաբանելով՝ Էզուգբայան նշել է, որ կրկնակի վարակման դեպքում օրգանիզմում արդեն հակամարմիններ են առկա լինում, որոնք հաջողությամբ պայքարում են վարակի դեմ:

Մասնագետի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ վարակային գործընթացի օրենք է, երբ հիվանդությունից առողջանալուց հետո կրկնակի վարակումը թեթև է անցնում, քանի որ օրգանիզմն արդեն ունենում է այն չեզոքացնող հակամարմիններ: Նրա խոսքով՝ դրանք որոշակի քանակությամբ հակամարմիններ են, որոնք իմունիտետի համար բավարար չեն, սակայն օրգանիզմի կողմից օգտագործվում են հիվանդության դեմ պայքարի համար:

Մասնագետներին մինչ օրս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է կորոնավիրուսով վարակված մարդու մոտ հիվանդության նկատմամբ իմունիտետը պահպանվում և թե ինչ չափի դիմադրողականություն է առաջանում:

Մարինա Էզուգբայան չի բացառել, որ հիվանդությունից հետո կարող է իմունիտետ ընդհանրապես չձևավորվել, սակայն, նրա կարծիքով, այդպիսի դեպքերը հազվագյուտ են:

Telegram

Advertisements