Խնդիր է դրվել զարգացնել գիտակրթական բաղադրիչը. Ռոմանոս Պետրոսյան

Նախատեսվում է, որ 1-2 տարի հետո ՇՄՆ համապատասխան կառույցներն արդեն կտիրապետեն ամբողջական, ճշգրիտ և գիտական ճանապարհով ստացված տեղեկատվությանը:

© ENV \ Ռոմանոս Պետրոսյան

«Հեռանկարի» տաղավարում հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Արամ Աբրահամյանի՝ գիտական տեղեկությունների միջև հակասության հարցին, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Նախարարության ստորաբաժանումներում գործող գիտական կառույցների ներուժին ու հնարավորությանը՝ նշելով, որ խնդիր է դրել ՇՄՆ կառավարման ներքո գտնվող Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) սեփական կարողությունների ընդլայնմանը զուգահեռ նաև զարգացնել գիտակրթական բաղադրիչը:

Նախարարը հայտնել է, որ ԲՀՊՏ-ների աշխատակազմերում գործում են գիտակրթական ստորաբաժանումներ, որոնց և՛ կարողություններն են աղքատիկ, և՛ մտավոր ներուժն է վատ: Պետրոսյանն ընդգծել է, որ գիտակրթական բաղադրիչի զարգացման դեպքում Գիտությունների ազգային ակադեմիայի կամ այլ պետական ինստիտուտների տրամադրած տվյալները թերահավատ կամ ոչ արժանահավատ լինելու պարագայում նախարարությունը կունենա այդ տվյալների վերլուծության սեփական աղբյուրները:

Նախատեսվում է, որ 1-2 տարի հետո Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կառույցներն արդեն կտիրապետեն ամբողջական, ճշգրիտ և գիտական ճանապարհով ստացված տեղեկատվությանը, որը կվերաբերի, օրինակ, Սևանա լճին և ջրահավաք ավազանին:

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ միջնաժամկետ զարգացման ծրագրերում նախատեսվում է ձեռք բերել հետազոտական խոշոր և թանկարժեք տեխնիկա, իսկ նախնական փուլում անհրաժեշտ է ընդլայնել պահպանության, հսկողության ստորաբաժանումների տեխնիկական կարողությունները (արագընթաց մոտորանավակներ, գիշերային լուսավորության սարքեր): 2021թ. պետբյուջեի նախագծի ձևավորման համար, նախարարի խոսքով, առաջարկ է արվելու միջոցներ հատկացնել 9 միավոր հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար:

Telegram

Advertisements