Քոբուլեթիում բողոքի ցույցեր են. հյուրանոցների տերերը պահանջում են սառեցնել վարկերը

Հյուրանոցները համավարակի պայմաններում եկամուտ չեն ունեցել, տերերը չեն կարողանում մարել վարկերը, իսկ բանկերը բարձրացրել են տոկոսադրույքը:

Նկար՝ © Batumelebi \ Բողոքի ցույց Քոբուլեթիում

Քոբուլեթի քաղաքում ընտանեկան հյուրանոցների տերերը բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով սառեցնել բանկային վարկերը և աջակցել իրենց:

Ցուցարարները նշել են, որ կորոնավիրուսի համավարակի և փակ սահմանների պայմաններում զբոսաշրջային սեզոնը վերջին շրջանում վատթարացել է: Նրանց խոսքով՝ ներքին զբոսաշրջիկների թիվը շատ քիչ է եղել, եկամուտները՝ չնչին:

Ցուցարարներից մեկը հայտնել է, որ այս ամռանը Քոբուլեթիի ընտանեկան հյուրատների համարները մեկ գիշերվա համար արժեցել են մոտ 10 դոլար: Նախորդ տարիներին նույն համարները հանձնվել են մոտ 50 դոլարով:

Նույնատիպ բազմաթիվ հյուրանոցների շատ տերեր դեռևս ձմռանն են կարճաժամկետ վարկեր ձևակերպել՝ ամռանը պատրաստվելու համար: Այժմ նրանք չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները: Ոմանք կարող են զրկվել գրավադրված գույքից: Ցուցարարները նշել են, որ բանկերը մերժում են բանակցելու խնդրանքը, այդ պատճառով դիմում են իշխանություններին:

Ցուցարարներից շատերը նաև հայտնել են, որ այս ընթացքում ֆինանսական կազմակերպությունները փոխել են տոկոսադրույքները: Այդ պատճառով որոշ դեպքերում վարկային պարտավորությունները կրկնակի ավելացել են:

Ցուցարարները հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, փակել են ճանապարհը, պահանջել են հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ հանդիպում են խոստացել Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները:

Այսօր նաև Աջարիա են ժամանել իշխող ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետ Գեորգի Գախարիան: Նրանք տեղում պետք է առաջադրեն իրենց թեկնածուն՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար:

Telegram

Advertisements