Հայաստանի հարևանները համավարակից հետո. Վահրամ Հովհաննիսյան

Պատմագետ, տարածաշրջանային հարցերի մասնագետ, REGST.net կայքի հիմնադիր Վահրամ Հովհաննիսյանի հետազոտությունը «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում:

Նկար՝ © Վահրամ Հովհաննիսյան

Հոդվածը հրապարակվել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։ Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Հայաստանի հարևանները համավարակից հետո. Վահրամ Հովհաննիսյան

Covid-19 կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ երկրների հարկադրել է երկրորդ պլան մղել նախկինում առաջնահերթ համարվող մի շարք հարցեր՝ առաջնային տեղ հատկացնելով առողջապահությանն ու տնտեսության պահպանմանը: Սակայն առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվել, չեն սառեցվել, այլև իրենց մեջ ներառել են նաև կորոնավիրուսային թատերաբեմը: Այս համատեքստում առանձնահատուկ է միազգային, միջպետական հարաբերությունների նոր բնույթը:

Համավարակը խորն ազդեցություն է ունեցել Հայաստանի հարևան պետությունների ներքին ու արտաքին կյանքում: Նրանցից յուրաքանչյուրը, ունենալով իր նախկին խնդիրները, առաջնահերթությունները, ծրագրերը, ներկայումս փորձում է պարզապես կայուն մնալ՝ հնարավորության դեպքում օգտագործելու մյուսների թերացումները և միջազգային-տարածաշրջանային «սանդղակում» դիրքերն առաջ մղելու կամ, առնվազն, ունեցած դիրքը չկորցնելու նպատակով:

Ստորև ներկայացվող հետազոտությամբ փորձ է արվում նախանշել այն հիմնական առանձնահատկությունները, որոնցով կբնորոշվեն տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի հարևան երկրների ներքին ու, առավել ևս, դրանից բխող արտաքին քաղաքականությունները:

Այդ առանձնահատկությունների հիմնական ուղղություններն են՝

Ա) Համավարակի հետևանքների հաղթահարում,

Բ) Ներքաղաքական կայունության/իշխանության պահպանում,

Գ) Հակամարտությունների վարում,

Դ) Տնտեսական կայունության պահպանում, գերակայության հաստատում/ընդլայնում:

Դիտարկենք հարևան երկրներում նշված ուղղությունների հավանական դիպաշարերը, ներկայացնենք հնարավոր կանխատեսումները:

Թուրքիա

Ա) Մարտի 20-ից Թուրքիան հայտարարել է[1] 15,3 մլրդ դոլարի տնտեսական միջոցառումների փաթեթի մասին: Դրանով նախատեսվում է բարձրացնել թոշակները՝ հասցնելով 230 դոլարի, 2 մլրդ-ը նախատեսվում է հատկացնել աղքատ ընտանիքներին՝ որպես դրամական աջակցություն, անմիջական սուբսիդիաներ և սուբսիդավորվող վարկեր տրամադրել արտահանող ընկերություններին՝ արտահանման ծավալների կրճատման պարագայում նրանց պաշտպանելու նպատակով:

Փոքր և միջին բիզնեսը մինչև 6 ամսով բանկային պարտավորությունների հետաձգում է ստացել: Զբոսաշրջային ոլորտի աջակցության շրջանակներում հյուրանոցների հարկային պարտավորությունները հետաձգվել են մինչև 2020թ. նոյեմբերի 1-ը, իսկ հյուրանոցներ վարձակալած ընկերությունների համար ապրիլ, մայիս և հունիս ամիսների հարկային պարտավորությունները հետաձգվել են 6 ամսով: Նույն ամիսների համար Թուրքիայում ներքին փոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների համար ավելացված արժեքի հարկը 18%-ից նվազեցվել է՝ դառնալով 1%:

Թուրքիայում վերջին ամիսներին կառուցվել են[2] մի քանի հիվանդանոցներ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին: Սեփական երկրում համավարակի հաղթահարման ունակության մասին հայտարարություններին զուգահեռ՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ են տրամադրվել[3] այլ պետություններին՝ որպես հումանիտար օգնություն:

Բ) Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով[4]՝ Թուրքիայի նախագահը ներկայումս միջոցներ է ձեռնարկում՝ կորոնավիրուսի համատեքստում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով վարկանիշի նվազումը կանխելու: Թուրքագետը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մրցակից է համարել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական քեմալական կուսակցությունից): Այդ նպատակով էր, ըստ Սաֆրաստյանի, Էրդողանը ձեռնարկել Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու գործընթացը՝ դրանով նաև փորձելով իր կողմը գրավել ընդդիմադիր քաղաքապետի ընտրազանգվածին: Իմամօղլուն իր հերթին միջոցներ է ձեռնարկում՝ նրանից հետ չմնալու համար՝ կրկին մշակութային ուղղությամբ:

Սակայն համարվում է[5], որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերադարձնելու մասին որոշումը ոչ միայն ներքաղաքական խնդիրների վրա է անդրադառնալու (հաշվի առնելով այն, որ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են), այլև դրա արդյունքում ձևավորվող ներքին համախմբումը կարող է Էրդողանի կողմից կիրառվել ընդդեմ արտաքին հակազդեցության՝ ի պատասխան հարևանների նկատմամբ տարվող քաղաքականության քննադատություն:

Ներքաղաքական կայունության պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում արժե նշել տնտեսական այն հսկայական խոստումները, որ Թուրքիայի նախագահը վերջին շրջանում հնչեցնում է (օրինակ՝ Ստամբուլի ջրանցքի[6] կառուցումը, ռազմարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում նոր՝ հազարավոր աշխատատեղերի խոստումները):

Գ) Չնայած առողջապահական լրջագույն խնդրի առկայությանը՝ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսում («Վագրի ճանկ[7]»): Միաժամանակ շարունակվում են Սիրիայում թուրքական ուժերի «խաղաղարար» գործողությունները, Լիբիայում արդեն ռազմաբազա են տեղակայել: Անկարան ագրեսիվ քաղաքականություն է վարում նաև Քաթարում (որտեղ արդեն մի քանի հարյուր զինվորներ ունի), Կիպրոսում, Միջերկրական ու Էգեյան ծովերում:

Համավարակի և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման դեպքում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի «նահանջի» և ներկայությունը նշված տարածքներում չի նվազեցնի, քանի որ այդ ներկայությունը մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, իսկ դուրսբերումը կհիմնավորի Էրդողանի սխալականությունն ու նրա գործողությունների անարդյունավետությունը. էրդողանի «նահանջը» կարող է իշխանություն արժենալ: Ուստի կանխատեսվում է, որ համավարակից հետո տարածաշրջանային հակամարտություններին թուրքական ներգրավվածությունը ոչ միայն չի նվազելու, այլև առավել ագրեսիվ է դառնալու: Վերջինս մեծ մասամբ կախված է լինելու տվյալ երկրների՝ իրավիճակի հաղթահարման ունակությունից:

Ինչ վերաբերում է քրդական խնդրին, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ուղղությամբ գործողություններն այս ընթացքում չի դադարեցրել: Ընդհակառակը՝ ակտիվ փուլ են մտել «ջրային պաշտպանության» առաջին և երկրորդ ճակատները, որոնց նպատակն Իրաքի և Թուրքիայի քրդական կազմավորումների (և հատկապես՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների) միջև հաղորդակցության ուղիները կտրելն ու «հիդրո հաղթանակի» հասնելն է[8]: Մասնավորապես, Թուրքիայի տարածքում ներկայումս կառուցվում են խոշոր ջրամբարներ, որոնք դեպի Իրաք հոսող ջրի ծավալի նկատմամբ վերահսկողություն կապահովեն Անկարային («Հիդրո պատերազմ»): Միաժամանակ՝ նշված երկրների հետ սահմանային հատվածներում կառուցվող ջրամբարները կտրելու են քրդական ջոկատների տեղաշարժման ուղիները. դրանք երբեմն անցնում են[9] խորը կիրճերով ու անցումներով, որոնք մնալու են ջրի տակ՝ քուրդ զինյալներին զրկելով գաղտնի ուղիներից, իսկ Թուրքիային՝ ապահովելով որոշակի անվտանգային խոչընդոտներ:

«Ջրային քաղաքականության» մեկ այլ օրինակ է Սիրիայով հոսող Եփրատ գետի ջրի ծավալի վերահսկումը: Այս գործընթացն ավելի շուտ է մեկնարկել, քանի դեպի Իրաք հոսող Տիգրիսի դեպքում: Հուլիսյան տապին, օրինակ, Անկարան նվազեցրել է Եփրատի հոսքը: Արդյունքում՝ գետից սնվող սիրիական բնակավայրերում, որտեղ այս շրջանում ջերմաստիճանը հասնում է 50-ի, ջրազրկման հետևանքով, ի թիվս էներգետիկ և բնապահպանական բազմաթիվ խնդիրների, առաջացել է[10] նաև առողջապահական ճգնաժամ. բռնկված համաճարակներից տուժում են հատկապես երեխաները:

Ավելի վաղ՝ մինչև Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի հաստատումը (առաջինը՝ մարտի 10-ին), շարունակվում էր «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում: Ակտիվ գործողությունները հունվար-փետրվար ամիսներին ընթացել են Իդլիբում, որտեղ հարաբերական անդորր հաստատվել է[11] մարտի 5-ից՝ հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ պայմանավորվածությամբ: Քրդական ջոկատներն իրենց հերթին հայտարարել են հրադադարի մասին՝ ի պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:

Սակայն ապրիլի վերջերից վերսկսվել են թուրք-քրդական փոխադարձ մեղադրանքները խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ: Դրան հաջորդել են[12] պարբերական ահաբեկչություններ Հյուսիսային Սիրիայի տարբեր շրջաններում, որոնք կրել են տեղային բնույթ և ռազմական մեծածավալ բախման չեն վերածվել:

Թուրքիան այստեղ որոշակիորեն հասել է իր նպատակներին՝ ստեղծելով անվտանգության գոտի: Ավելի խորանալու ձգտումը դրսևորվում է միայն Արևելյան Սիրիայի՝ նավթով հարուստ շրջանների (Ղամըշլը, Դեյր-էս-Զոր) նկատմամբ վերահսկողություն հաստատելու շուրջ քննարկումներով՝ ուժի մեջ պահելով ռուսական կողմին արված առաջարկը[13]՝ համատեղ ուժերով վերականգնել Սիրիան՝ «վաճառելով նրա նավթը»: Դրական պատասխան Էրդողանը դեռ չի ստացել: Փոխարենը հայտարարել է[14], որ Սիրիայից դեռևս չի պատրաստվում հեռանալ:

Իրաքում համավարակի թեժ շրջանում՝ հունիսի 17-ին, Թուրքիան մեկնարկել է «Վագրի ճանկ» գործողությունը՝ առաջանալով 20-30 կմ: Տեղի քրդական միավորումները և եզդիական համայնքն անհանգստություն են հայտնել այդ գործողությունների ընթացքի վերաբերյալ՝ համարելով, որ դրանք դուրս են գալիս ահաբեկչական հռչակված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ պայքարի շրջանակներից: Քուրդ վերլուծաբանները թուրքական առաջընթացն այս ուղղությամբ համարում են[15] ամերիկյան ազդեցության նվազման հետևանք: Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է այս տարածաշրջանում՝ Անկարային գործողությունների ինքնուրույնություն ընձեռնելով:

Թուրքական այս գործողությունը նույնպես ոչ միայն դադարելու միտում չունի, այլև Իրաքի տարածքում տևական ժամանակով հաստատվելու նախանշաններ կան. քրդական միավորներն արդեն հայտարարել են[16] թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին:

Ըստ երևույթին, թուրքական գործողությունների ընթացքն Իրաքում պայմանավորված է լինելու իրաքյան կառավարության, ինչպես նաև Իրանի դիրքորոշումներից և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակից:

Այսպիսով, Թուրքիան համավարակից հետո ոչ միայն «խաղաղված» չի լինելու, այլև վարելու է առավել ագրեսիվ հակամարտություններ՝ երկրի ներսում՝ ընդդեմ քրդերի ու ընդդիմադիրների, դրսում՝ ընդդեմ քրդական միավորումների և անվտանգության սահմանային գոտում գտնվող ժողովուրդների: Շեշտենք, որ Անկարան բազմաթիվ անգամներ (այդ թվում՝ պատմության տարբեր փուլերում), ձգտել է առավելագույնի, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, զիջումներ կատարելիս, պահպանի ավելին, քան մինչ այդ է ունեցել:

Օրինակ՝ Լիբիայի դեպքում: Դժվար է պատկերացնել, որ անմիջական հարևանների հետ և սեփական տարածքում ռազմական խնդիրներ ունեցող Թուրքիան երկար ժամանակ կկարողանա ներկայություն ապահովել հյուսիսաֆրիկյան երկրում: Ամենայն հավանականությամբ՝ Անկարան երկար չի պահպանի իր ռազմական ներկայությունն այնտեղ՝ նատօյական դաշնակիցների հետ անհամաձայնությունները չխորացնելու և ավելորդ ռեսուրսներ չծախսելու համար (իհարկե՝ պահպանելով տնտեսական որոշակի լծակներ): Այդ դեպքում՝ ինչո՞ւ դիմեց այդ քայլին, որտեղ, ակնհայտ էր, որ հակառակորդի դերում ռուսական հետաքրքրությունն էր լինելու[17]: Եթե քննարկելու լինենք Լիբիայից հեռանալու հնարավոր պատճառները, ապա որպես տարբերակ դիտարկվելու իրավունք ունի «լիբիական զիջման միջոցով» սիրիական, իրաքյան, սևծովյան և/կամ հարավկովկասյան տարածաշրջաններում ցանկալի արդյունքի ստացումը:

Դ) Ս.թ. մայիսի 31-ին Ռ.Թ.Էրդողանը հայտարարել է[18], որ համավարակից հետո աշխարհում ստեղծվելիք իրականությունում Թուրքիան առավել նպաստավոր դիրքերում է գտնվելու: Թեև այս արտահայտությունը հնչել է առողջապահական հաջողությունների վկայակոչման շրջանակներում, սակայն լավագույնս ցուցադրում են թուրքական այն ձգտումները, որոնք սպասվում են այդ առողջապահական խնդիրների հաղթահարման պարագայում: Էրդողանն ինքն է ընդգծել, որ նոր հիվանդանոցներն ու առողջապահական միջոցառումները ծառայում են մյուս բոլոր ոլորտների զարգացմանը:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է[19] դառնալ աշխարհի՝ խոշորագույն տնտեսություն ունեցող առաջին 10 երկրներից մեկը: Էրդողանը մատնացույց է արել «զարգացած պետություններին, որոնք չեն կարողանում հաղթահարել համավարակը», և ընդգծել թուրքական հաջողություններն այդ հարցում: Եթե հաշվի առնենք Թուրքիայի նախագահի մեկ այլ հայտարարություն[20], որը վերաբերում է համավարակի հարցում եվրոպական երկրների ձախողումներին, ապա հասկանալի է դառնում, որ Էրդողանն, ամենայն հավանականությամբ, փորձ կկատարի օգտվել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պատճառած վնասներից օգտվելու: Եթե մինչև 2020թ. Թուրքիային չէր հաջողվել «ոտքն ամուր դնել» Եվրոպայի խորքերում, ապա այժմ տուժած երկրները գուցե չկարողանան մերժել թուրքական «ներդրումները, աջակցություններն» ու տնտեսական այլ լծակները (պետք է հաշվի առնել, որ Թուրքիան Հարավային և Հարավարևելյան Եվրոպաներին նավթ ու գազ մատակարարող խոշոր երկրներից է[21], ինչը, միանշանակ, անհրաժեշտության դեպքում գործի է դրվելու հավելյալ ճնշումների համար):

Հարավային հարևանների նկատմամբ տնտեսական գերակայության ամրապնդումը հնարավոր կդառնա նաև վերոնշյալ «հիդրո հաղթանակների» պարագայում, երբ Թուրքիայից դեպի Իրաք ու Սիրիա հոսող ջրերի վրա Անկարան ունենա լիարժեք վերահսկողություն, թեև այդ երկրներում առկա տարատեսակ ճգնաժամերին գումարված համաճարակն արդեն իսկ նպաստավոր պայմաններ ապահովել է նրա համար: «Հիդրո հաղթանակները» Թուրքիային ապահովելու են ոչ միայն նպաստավոր լծակներով, այլև էներգետիկ հնարավորություններն են մեծացնելու[22]:

Ի թիվս էներգետիկ աղբյուրների (այդ թվում՝ միջուկային), ջրային և այլ ուղղությունների, այս հատվածում արժե ընգծել նաև ռազմատնտեսական նշանակության մի երևույթ ևս. Թուրքիան, որը մինչև վերջերս զինամթերքի խոշոր գնորդ էր, աստիճանաբար վերածվում է ինքնաբավ ռազմարդյունաբերություն ունեցող պետության: Ըստ որոշ բաց աղբյուրների հաշվարկների՝ եթե 2010-ականներին Թուրքիան սպառազինության 80%-ը գնում էր, 20-ը՝ արտադրում, ապա ներկայումս թվերը տեղերով փոխվել են[23]:

Ներկայումս ակտիվորեն ընթանում են տարատեսակ հրթիռների ու զինատեսակների փորձարկումներ՝ աստիճանաբար դուրս մղելով արտասահմանյան համակարգերը: Թուրքական զինուժը համալրվել է սեփական արտադրության բազմաթիվ անօդաչու թռչող սարքերով, որոնցից իրենց տեխնիկական բնութագրերով առավել նշանավոր են Akıncı, Bayraktar (վերջինի հզորացված տարբերակը՝ Bayraktar Tactical Block 2), Aksungur, Karayel, ANKA՝ սերիական արտադրության անօդաչուները, որոնք ոչ միայն կիրառվում են[24] Սիրիայում, Իրաքում և Լիբիայում, այլև վաճառվում են (հիմնական գնորդներն են՝ Ուկրաինան, Քաթարը, Ադրբեջանը, Մալայզիան): Ընդ որում՝ միայն շարժիչային որոշ սարքավորումներ են արտադրվում Ուկրաինայում, իսկ մյուս մասը՝ կառավարման համակարգերը, հրթիռները, լրացուցիչ սարքավորումները, բացառապես տեղական արտադրության են:

Սերիական արտադրության են հանձնվել նաև հրետանային համակարգեր (T-155 Fırtına, Panter): ANKA անօդաչուի հիման վրա ներկայումս ստեղծվել է նույնանուն անօդաչու ինքնաթիռը, որի առաջին գնորդներից է[25] Թունիսը: Ավարտվել են[26] նաև «ծով-ծով» տեսակի թևավոր հրթիռների՝ Atmaca-յի փորձարկումները, որը նույնպես տրվելու է[27] սերիական արտադրության: Այս և մյուս առաջադեմ ռազմատեխնիկան արտադրում են թուրքական Aselsan, Roketsan, Baykar Makina, Kale Group, Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունները:

Թուրքիայի նախագահի փեսա, Baykar Makina ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարը նշել է, որ խոշոր անօդաչուները և հատկապես անօդաչու ինքնաթիռները փոխարինելու են արտասահմանյան մոդելներին (օրինակ՝ F-16 ինքնաթիռի փոխարեն՝ ANKA TAI անօդաչու ինքնաթիռ): Նրա խոսքով[28]՝ Թուրքիային անհրաժեշտ սպառազինության տրամադրումը մերժելու արդյունքում տեղում ձեռնարկված արտադրությունը տնտեսապես ավելի շահեկան է:

Համավարակի պայմաններում շարունակվող թուրքական տնտեսական ագրեսիվ քաղաքականությանն արժե գումարել նաև վրացական Բաթումիի[29] նկատմամբ կիրառվող մարտավարությունը, ըստ որի՝ այնտեղ կատարվող հսկայածավալ ներդրումները, անշարժ գույքի ձեռքբերումն իրենցից ենթադրում են նախորդ դարի սկզբներին կորցրածի վերադարձման ուղղությամբ տարվող հետևողական[30] քաղաքականություն:

Այսպիսով, համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակի պայմաններում Թուրքիան ոչ միայն չի դադարեցրել ռազմական ճանապարհով խնդիրների լուծման քաղաքականությունը, այլև սկսել է ավելի մեծ թափով օգտվել առիթից՝ փորձելով ստանալ տնտեսական և ռազմական գերակայություն հարևանների նկատմամբ, ինչպես ցամաքում, այնպես էլ ծովերում:

Ադրբեջան

Ա) Դատելով վերջին ամիսներին Ադրբեջանում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին բաց աղբյուրներից՝ նկատելի է, որ այնտեղ համավարակի հետևանքների հաղթահարումն էականորեն տարբերվում է տարածաշրջանի մյուս պետություններից: Խնդիրն այն է, որ այնտեղ համավարակի ստեղծած առողջապահական և տնտեսական ճգնաժամն առավել խստացավ նավթի գնանկման պատճառով: Ադրբեջանցի տնտեսագետ Ազեր Մեհտիևի խոսքով[31]՝ առանց համավարակի էլ այդ խնդիրը ծագելու էր՝ հանգեցնելով սոցիալական ու տնտեսական ճգնաժամի, քանի որ երկրի իշխանությունները շեշտը դրել էին միայն նավթի վրա՝ դասեր չքաղելով նախորդ փորձից:

Ս.թ. մայիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց[32], որ Ադրբեջանում նավթային դարաշրջանն ավարտվել է՝ հաստատելով, որ համավարակի հետևանքով նավթի շուկայում ստեղծված իրավիճակն էապես վնասել է երկրի տնտեսությանը:

Ակնհայտ են համավարակով պայմանավորված սոցիալական դժգոհությունները. թերևս դա բնական է, քանի որ երկրի արտահանման շուրջ 95%-ն օգտակար հանածոներն են[33] (82%-ը՝ հում նավթ, 9,1%-ը՝ նավթային գազ, մյուս մասը՝ մշակված նավթամթերք), մինչդեռ, ինչպես հայտնի է, նավթի գինն ապրիլի կեսերին հասավ[34] 20 դոլար/բարելի (կտրուկ անկումը սկսվել է փետրվարի երկրորդ կեսից, գինը սկսել է կարգավորվել մայիսի վերջերից. հուլիսի 30-ի դրությամբ 46,68 դոլար է): Եվ դա այն դեպքում, երբ մինչև նվազումն ադրբեջանական նավթի գինը 60-70 դոլարի սահմաններում էր:

2020թ. բյուջեի կատարողականը, որը հաշվարկված էր[35] ըստ նավթի բարձր գների (55 դոլար/բարել), լիովին տապալվել է. նախատեսված էր, որ 2020թ. բյուջեի եկամուտների 56%-ը (մոտ 8 մլրդ դոլար) բաժին պետք է ընկներ նավթի վաճառքին, սակայն էական և տևական ժամանակով գնանկման պատճառով բյուջեի եկամուտների նախատեսված ծավալը չի կարող[36] կատարվել՝ թույլ չտալով ամբողջությամբ իրականացնել սոցիալական ծրագրերը: Այս ամենով պայմանավորված դժգոհություններին ավելացավ նաև ջրային խնդիրը. Կուր գետի ցամաքման հետևանքով Ադրբեջանի բազմաթիվ շրջաններ զրկվեցին[37] խմելու և ոռոգման ջրից: Արաքս գետի ջուրը նույնպես չբավականացրեց Սաաթլը և հարակից շրջաններին: Արդյունքում՝ Ադրբեջանը ջրի խնդրանքով դիմեց[38] Իրանին: Վերջինս չմերժեց խնդրանքը՝ մեծացնելով Արազի ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալը:

Հաղորդվել է, որ Ադրբեջանի կառավարությունը 1,47 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով, սակայն ադրբեջանցի տնտեսագետները նշել են, որ իրականում դրա մի մասը բանկերին պատկանող գումարն է, որը տրամադրվում է վարկի տեսքով: Նրանց խոսքով[39]՝ պետական հատկացման զուտ չափը կազմել է մոտ 790 մլն դոլար: Գումարն ուղղվել է տուժած ոլորտներին: Սակայն, ադրբեջանցի տնտեսագետի խոսքով, աջակցությունից օգտվել է կարիքավորների միայն փոքր մասը. գյուղատնտեսության ոլորտին, օրինակ, այս աջակցությունից ընդհանրապես բաժին չի հասել[40]:

Վարակվածության դեպքերն Ադրբեջանում շարունակում են աճել: Տեղեկություններ[41] կան նաև զինծառայողների շրջանում մեծ թվով վարակվածների մասին: Հաշվի առնելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկությունները՝ կարելի է պնդել, որ Բաքուն համավարակի դեմ պայքարը լրիվ այլ ուղղությամբ է տանում. կարանտինային միջոցառումներ՝ սոցիալական դժգոհություններ արտահայտող շրջաններում, «առողջապահական» հետապնդումներ[42]՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, պաշտոնանկություններ, հարկադիր սնանկացումներ, լրագրողների աշխատանքների խոչընդոտում[43] և այլն:

Հակահամավարակային այս միջոցառումների մասին շատ օրինակներ կարելի է բերել հարևան երկրից, սակայն մեկ նախադասությամբ սահմանելու դեպքում կարելի նշել պարզապես, որ Ադրբեջանում համավարակի դեմ պայքարը, որպես այդպիսին, ձախողված է:

Բ) Ինչպես նշեցինք, Ադրբեջանի ղեկավարությունը հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում «ախտահանում է» նաև ընդդիմադիր ճամբարը՝ իբր հակահամաճարակային կանոնների խախտման համար ձերբակալելով[44] ընդդիմադիր գործիչներին, փակելով ոչ իշխանական լրատվամիջոցները, ամեն գնով կանխելով մրցակիցների առաջընթացը:

Ստեղծված իրավիճակում երկիրը ղեկավարելու ունակությունն ընդգծելու նպատակով Իլհամ Ալիևը շարունակում է կոռուպցիայի մեջ մեղադրել առանձին պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան: Որոշ շրջաններում, որտեղ սոցիալական դժգոհություններ են առաջացել, տարօրինակ կերպով բացահայտվել են[45] տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կոռուպցիոն հանցագործությունները: Ակնհայտ է, որ սրանով իշխողները փորձում են փրկել իրենց դեմքը՝ մեղքը գցելով ենթակաների վրա: Իսկ Ալիևների հանցագործությունները բացահայտող գործիչները շարունակում են ապաստան խնդրել այլ երկրներում կամ մնալ բանտարկված[46]:

Իշխանության վարկանիշը պահպանելու մի շարք միջոցառումների շարքում արժե ընդգծել բանտերից շուրջ 1000 կալանավորների ազատ արձակումը[47], ևս 429-ի ազատազրկման փոխարինումը տնային կալանքով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ադրբեջանում և այլ երկրներում համավարակի շրջանակներում կիրառվող սահմանափակումներն ընդդիմադիր գործիչներին լռեցնելու խնդրին անդրադարձել է[48] նաև արտասահմանյան մամուլը, քննադատություն է հնչել[49] ԱՄՆ պետդեպարտամենտից:

Գ) Ինչ վերաբերում է հակամարտություններին, ապա Բաքվի ձեռագիրն այստեղ անփոփոխ է[50]: Համավարակի պայմաններում Ադրբեջանական բանակը շարունակում է ակտիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, առանց համապատասխան նախազգուշացման զորավարժություններ իրականացնել սահմանամերձ հատվածում և չմոռանալ ռազմատենչ հայտարարությունների մասին:

Մասնագետները նախկինում բազմիցս նշել են[51], որ Ադրբեջանը դժվարին իրավիճակներում դիմում է ռազմական ավելի ծավալուն գործողությունների: Նախիջևանում դեռևս տարվա սկզբից իրականացվող, իրար հաջորդող զորավարժությունները համավարակի շրջանում փոխարինվեցին[52] մերձարցախյան վարժանքներով՝ ներգրավելով ավելի շատ զինծառայողների ու տեխնիկա:

Իսկ հուլիսի 12-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում ադրբեջանական զինուժի հարձակումը և խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը եկավ փաստելու մասնագիտական շրջանակներում հնչող այն ահազանգերը, որ Բաքուն անելանելի իրավիճակում սահմանային բախում է հրահրում: ՀՀ արտաքին գերատեսչությունը նույնպես հաստատում է[53], որ «մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական ​​բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները»:

Համավարակից հետո, երբ, ըստ կանխատեսումների, ադրբեջանական տնտեսությունը զգալի կորուստներ կրած կլինի (առավելապես նավթի ու ջրի պատճառով), հակամարտության շրջանակներում դիրքերը չկորցնելու նպատակով Բաքուն կարող է նույն կերպ շարունակել ակտիվ զորավարժությունները, սահմանային մերթընդմերթ սրացումները: Ավելիին դիմելու վճռականություն հայկական կողմի պատրաստվածության բարձրացման պարագայում ադրբեջանական իշխանություններն, ամենայն հավանականությամբ, չեն ունենա[54]: Դրա վկայությունն է այդ երկրի պաշտպանության նախարարի դժգոհությունը[55] սահմանային հսկողության սարքերի վերաբերյալ: Նախանշվում է, որ բանակցային գործընթացում Բաքուն պարզապես այլ մոտեցում է որդեգրել, որի մասին խոսում են նաև այդ երկրի ԱԳՆ-ում կատարվող գործողությունները: Դեռևս հուլիսի առաջին տասնօրյակում կատարված խուզարկությունների արդյունքում արտաքին գերատեսչության պաշտոնյաներ ձերբակալվեցին[56], իսկ հուլիսյան դեպքերի ընթացքում փոխվեց[57] նախարարը:

Ենթադրվում է, որ համավարակից հետո տնտեսությունն ու դրանով պայմանավորված նախկին դիրքը վերականգնելու համար անհրաժեշտ ժամանակ ձգձգելով՝ ադրբեջանական իշխանությունները կշարունակեն հռետորական ոճը՝ զերծ մնալով լայնամասշտաբ գործողություններից:

Դ) Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է[58] Ադրբեջանում նավթային դարաշրջանի ավարտի մասին: Որդեգրվել է ոչ նավթային ոլորտների զարգացումը, ինչը, սակայն, մոտ ապագայում չի կարող վերականգնել կորուստները, քանի որ ոչ նավթային ոլորտն ադրբեջանական արտահանման ընդամենը 5%-ն էր կազմում[59]: Իսկ այդ 5%-ը մեծացնելու հնարավորությունն այս պարագայում անիրատեսական է:

Ադրբեջանի համար ներկայումս գերխնդիր է տնտեսության պահպանումը: Հակառակ պարագայում Իլհամ Ալիևի համար այն կարող է իշխանության կորուստ արժենալ, իսկ երկրի համար՝ անդառնալի հետևանքներ ունենալ: Այդ նպատակով Բաքուն փորձում է ցանկացած գնով պահպանել և խորացնել գործընկերային հարաբերություններն այն պետությունների ու կազմակերպությունների հետ, որոնք կարող են տնտեսական փրկօղակ հանդիսանալ: Մասնավորապես, «աջակցության տիրույթի» երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և միջինասիական պետությունների հետ հարաբերությունները ջերմացնելու միջոցներ են ձեռնարկվում, նոր թափով ակտիվացել են[60] Եվրասիական տնտեսական միության հետ մտերմանալու վերաբերյալ քննարկումները:

Հետհամավարակային շրջանի համար Ադրբեջանում առաջնահերթ են նախանշվում հետևյալ ուղղությունները. Եվրոպական Ռուսաստանը, այդպիսով նաև՝ Եվրոպան Հնդկաստանին կապող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործում (Ստ.Պետերբուրգ-Մոսկվա-Բաքու-Բենդեր Աբաս-Մումբայ), միջինասիական երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան) հետ հարաբերությունների նոր մակարդակի ձևավորում, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում հատկապես Կասպից և Սև ծովերի հատվածներում, ԵԱՏ միության և նրա անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության խորացում, Ադրբեջանի դերի բարձրացում Թյուրքական խորհրդում և իսլամական աշխարհում՝ հնարավոր տնտեսական աջակցության ակնկալիքով:

Վերականգնման համար կարևոր նշանակություն է տրվում[61] նոր շուկաներ մուտքին, կադրային քաղաքականությանը, երկրի ներսում ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման թվայնացմանը:

Այսպիսով, ենթադրվում է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համավարակի հետևանքների հաղթահարման ընթացքում կփորձեն պահպանել ներքին կայունություն՝ շարունակելով ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների ընդունված ավանդույթն այդ երկրում: Բուն խնդիրներից հասարակությանը շեղելու նպատակով մերթընդմերթ կսրեն սահմանային լարվածությունը, կիրականացնեն ներքին, հիմնականում՝ ցուցադրական բարեփոխումներ:

Վրաստան

Ա) Վրաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով անհամեմատ շատ տուժած ոլորտը զբոսաշրջությունն է, ուստի կառավարության կողմից մշակված աջակցությունների փաթեթը մեծամասամբ հենց այդ ոլորտի ներկայացուցիչներին են ուղղված: Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքը կորցրած կամ ազատված քաղաքացիները (մոտ 350 հազար), ովքեր օրենքով սահմանված կարգով գրանցված են եղել, պետության կողմից 6 ամիս շարունակ ստանալու են[62] ամսական 60 դոլար աջակցություն:

Ձեռնարկված սոցիալական ծրագրերի շարքում կարևոր աջակցություն են հանդիսացել նաև կոմունալ վճարների մասնակի փոխհատուցումը, հարկային արտոնությունները՝ տուժած ոլորտներին: Զբոսաշրջության բնագավառի առնվազն պահպանման նպատակով աշխատանքները դեռևս շարունակվում են: Վրաստանն ընդհանուր առմամբ 2 մլրդ լարի (շուրջ 600 մլն դոլար) է հատկացրել[63] տնտեսությանը և քաղաքացիներին՝ ծանր հետևանքները հաղթահարելու համար, ևս 351 մլն լարի (100 մլն դոլար)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Ինչ վերաբերում է առողջապահական հարցին, ապա Վրաստանն այն քիչ երկրներից է, որ կարողացել է դիմակայել վիրուսի տարածմանը. այնտեղ մինչ օրս վարակվածների թիվը հազարին մոտ է: Սակայն այս ամիսներին Վրաստանում նույնպես մտցված է եղել արտակարգ դրություն և նույնիսկ պարետային ժամ[64], որոշ շրջաններ (Բոլնիսի, Քվեմո Քարթլի) տևական ժամանակ կատարյալ շրջափակման մեջ են եղել, ինչն էլ իր արդյունքը տվել է:

Բ) Վրաստանում դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բողոքի ցույցերը[65] (տարբեր պատճառներով) համավարակի պայմաններում մեղմացել են[66], սակայն առանձին հավաքներ դեռ կազմակերպվել են (օրինակ՝ Գավրիլովի գիշերը[67]): Մեղմացումը, սակայն, պայմանավորված է բացառապես արտակարգ դրությամբ և սահմանափակումներով: Ուստի սպասվում է, որ որոշակի կայունության ու սահմանափակումների վերացման պարագայում դրանք կարող են վերսկսվել նոր թափով:

Վրաստանը խորհրդարանական պետություն է. ձևավորված խորհրդարանն էլ որոշիչ դեր է ունենում իշխանության մյուս մարմինների կազմավորման հարցում: 2020թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը քաղաքական թեժ ժամանակաշրջան է խոստանում[68]: Բազմաթիվ կուսակցություններ արդեն հայտարարարել են[69] առաջիկայում քաղաքական պայքարի ակտիվ փուլի մտադրության մասին:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ վրաց իշխանությունների համար կարևոր խնդիրներ են՝ հնարավորինս արագ լուծել տնտեսական ճգնաժամը, վերաբացել սահմանները կամ օդային հաղորդակցությունը, ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, վերականգնել տարանցիկ ուղիները:

Գ) 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորելու փորձեր արվել են, այդ թվում՝ Ժնևյան ձևաչափով[70], սակայն համավարակի պայմաններում մի կողմ են դրվել բազմաթիվ խնդիրներ. ներկայումս հիմնական բանավեճը շարունակվում է[71] «օկուպացված-ազատագրված-անկախացած» տարածքների շուրջ:

Այդուհանդերձ, համավարակի ստեղծած իրավիճակում անհանդուրժողականությունը որոշակիորեն նահանջել է[72]. կողմերի միջև առնվազն շփում հաստատվել է[73], Աբխազիայում նույնիսկ քննարկվում է[74] երկաթգծի վերագործարկման և առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ կարգավորելու հարցը:

Դատելով վերջին ամիսներին վրացական կողմից հնչող հակառուսական հայտարարությունների էական նվազման ցուցանիշից՝ կարելի է ենթադրել, որ Վրաստանը փորձելու է որոշակի մերձեցում դրսևորել Ռուսաստանի և նրա պաշտպանության ներքո գտնվող նախկին վրացական տարածքների հետ: Նախ՝ եթե նախորդ տարիներին Ռուսաստանը դեպի Վրաստան զբոսաշրջային աղբյուրների շարքում զիջում էր[75] Հայաստանին և Ադրբեջանին (2015-2018թթ.), ապա 2019թ. արդեն Վրաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներն են[76]: Երկրորդ (որքան էլ տարօրինակ թվա)՝ համավարակի պայմաններում Արևմուտքի ռազմաքաղաքական աջակցությունը Վրաստանին էականորեն նվազման միտում ունի, ինչը Թբիլիսիին հարկադրում է պահուստային հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ:

Ադրբեջանի հետ Վրաստանի տարաձայնությունները պայմանավորված են[77] Բաքվի կողմից ագրեսիվ[78] քաղաքականությամբ. երկու երկրների սահմանների մոտ 30%-ը մինչ օրս կարգավորված չէ: Սահմանային Գարեջի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են[79], օգտվելով համավարակից՝ ակտիվացել են նաև Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում անջատողական տրամադրությունները, ինչին արդեն արձագանքել են[80] վրաց հատուկ ծառայությունները:

Թուրքիայի դեպքում Վրաստանի հակամարտություն կարելի է համարել Բաթումիի նկատմամբ տարվող քաղաքականությունը[81]: Մասնավորապես, թուրքական իշխանությունները բազմաթիվ ներդրումների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ճանապարհով թրքացրել են[82] Աջարիայի մայրաքաղաքը, սահմանամերձ շրջանները: Թեև համավարակի ստեղծած տնտեսական դժվարությունների պարագայում Վրաստանը, հավանաբար, չի կարողանա դիմակայել «առիթից օգտվող» թուրքական առաջխաղացմանը, սակայն որպես կարևորագույն խնդիր այն Թբիլիսիում համարվելու է առաջնահերթություն:

Դ) Տնտեսական կայունության ապահովման նպատակով Վրաստանը նույնպես դիմում է ինքնաբավությանը. սևծովյան ծանծաղուտում նավթի և գազի որոնումների լիցենզիան արդեն տրամադրված է[83] (ավստրիական OMV ընկերությանը), իսկ ներկայումս արդյունահանվում է տարեկան մոտ 30 հազար խմ գազ: Ներքին պահանջարկը մոտ 1 մլն է. հիմնական մասը` 78%-ը, ներկրվում է[84] Ադրբեջանից, սակայն վերջինիս կողմից գների բարձրացման և ակնհայտ մենաշնորհային դիրք ձեռք բերելու ու դրանով իր ազդեցությունը վրացական շրջաններում մեծացնելու փորձերի պատճառով վրացական կողմը նավթագազային առևտրի ընդլայնման նպատակով բանակցություններ է սկսել[85] ռուսական Գազպրոմի հետ՝ առաջիկայում ավելի մատչելի ներկրում (15%-ով ավելի ցածր) ապահովելու համար:

Ինքնաբավությունը, սակայն, Վրաստանից մեծ ջանքեր կխլի, սակայն պահանջվող արդյունավետությունը չի կարող ապահովվել առնվազն առաջիկա տարիներին: Պատճառն այն է, որ համավարակից հետո նախատեսվում է վերականգնել զբոսաշրջությունը, սակայն կորուստը վերականգնել չի հաջողվի. սնանկացած ոլորտը միանգամից չի կարող ոտքի կանգնել և փակել սեփական ծախսերը: Բացի այդ՝ «հաճախորդների» կորուստն անխուսափելի կլինի, քանի որ եթե նույնիսկ վաղը ոլորտը բացվի, բազմաթիվ երկրներում օդային հաղորդակցությունը դեռևս չի գործելու:

Ուստի Վրաստանը համավարակից հետո, ենթադրաբար, դիմելու է հավելյալ օժանդակությամբ վերականգնվելուն՝ վարկային միջոցների ներգրավմամբ: Ամենայն հավանականությամբ՝ Թբիլիսին կփորձի ջերմացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Առաջնահերթությունների շարքում են լինելու ներքին զբոսաշրջության արդյունավետ կազմակերպումը, նախկինում սառեցված կամ ձգձված ներդրումային ծրագրերի վերականգնումը և այլն: Հնարավոր է, որ գիտատեխնոլոգիական ոլորտում նոր ներդրումներ ներգրավվեն արևելաասիական և, հատկապես, չինական շուկաներից:

Իրան

Ա) Չինաստանից հետո կորոնավիրուսի խոշոր օջախն Իրանն էր[86]: Սակայն Իսլամական Հանրապետությունը կարողացավ արագորեն հաղթահարել առողջապահական խնդիրը՝ դիմելով խիստ սահմանափակումների, առողջապահական համակարգի հզորացման: Կարճ ժամանակում Թեհրանը սկսել է արտադրել[87] պաշտպանիչ միջոցներ, բժշկական սարքավորումներ ու պարագաներ: Առողջապահական հզորացմանը նպաստել է[88] նաև Չինաստանի կողմից տրամադրված մեծաքանակ օգնությունը[89]:

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում մի շարք շրջաններ լիակատար արգելափակման են ենթարկվել: Ամբողջ երկիրը բաժանվել է[90] երեք գոտիների՝ ըստ համաճարակային իրավիճակի:

Թեև մահացության ցուցանիշներն ԻԻՀ-ում համեմատաբար բարձր են, սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է[91], առողջացածներինը՝ մեծանում:

Բ) Իրանի իշխանությունները համավարակի ընթացքում պարբերաբար հայտարարել են[92] քաղաքական և տնտեսական կայունությունը պահպանելու ունակության մասին: Համավարակի տարածումն Իրանում համընկավ Մեջլիսի ընտրությունների հետ, երբ նախորդ գումարումն այդ ընթացքում չկարողացավ[93] կազմակերպել իր աշխատանքները, իսկ նորընտիր կազմը պարտականությունները ստանձնեց մայիսի վերջին՝ երկրի քաղաքական կյանքում, որպես պետական իշխանության մարմին, հետին պլան մղվելով: Այդ պատճառով իրանցիների համար երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու միակ պատասխանատու է դիտվում[94] նախագահը: Այս հանգամանքը բարձրացնում է նախագահի ինստիտուտի խոցելությունը. անհաջողության դեպքում ընդդիմադիր բևեռը կկարողանա հենց նրա վրա կենտրոնացնել լայն զանգվածների դժգոհությունը:

Նախագահ Հասան Ռոհանիի դիրքերն առանց այդ էլ աստիճանաբար թուլանում են. խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն են դարձել[95] նախագահի ընդդիմադիրները, այդ թվում՝ Մեջլիսի ղեկավարը: Ռոհանիի բազմաթիվ կողմնակիցներ, ընտրությունների արդյունքներով պայմանավորված, փոխարինվել են[96] Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներով (օրինակ՝ Մեջլիսի ղեկավարը, ՌԴ-ում ԻԻՀ-ի դեսպանը): Իսկ ԻՀՊԿ-ի ղեկավարը, ինչպես հայտնի է, նշանակվում է[97] Իրանի գերագույն առաջնորդի կողմից և ենթարկվում է բացառապես նրան:

Հոգևոր իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է սրբացված մնալ՝ անկախ ամեն ինչից: Ենթադրվում է, որ այդպես կլինի նաև համավարակից հետո՝ անկախ այդ ժամանակ իրանցիների սոցիալ-տնտեսական վիճակից: Ուստի քաղաքական իշխանությունը՝ հանձինս նախագահի, դիմելու է բոլոր հնարավոր միջոցների՝ ժողովրդական հակադիր տրամադրվածություն չառաջացնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև, որ նախագահական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել (2021թ.):

Կանխատեսվում է, որ համավարակից հետո Իրանն ունենալու է ներքաղաքական խնդիրներ նաև այն առումով, որ աստիճանաբար խորանում են[98] հակասությունները հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև: Հոգևոր առաջնորդները պահանջում են թույլատրել կրոնական միջոցառումները, մինչդեռ կառավարությունը դրանք համարում է[99] վարակի տարածմանը նպաստող գործոններ, ինչն իրանցի հավատացյալ ժողովրդի մոտ հակակրանք է առաջացնում: Այդ պատճառով աշխարհիկ իշխանություններն աստիճանաբար մեղմացնում են ծիսակատարությունների նկատմամբ սահմանափակումները՝ թույլ չտալու լայն ընդվզում: Ի վերջո՝ Իրանում հոգևոր խավը սրբացված է, և հենց նրանից է կախված ժողովրդի մասնակցության կերպը երկրի կյանքին:

Գ) Համավարակից հետո Իրանի մասնակցությամբ հակամարտություններն, ըստ երևույթին, չեն դադարի և նույնիսկ չեն մեղմանա: Համաշխարհային առողջապահական խնդիրը, որպես մարդասիրական գործոն, ոչ մի ազդեցություն չունեցավ հին խնդիրները, գոնե՝ ժամանակավորապես, մի կողմ դնելու համար: Ուստի և դժվար է պատկերացնելը, թե ճգնաժամից հետո այն կարող է կարգավորման ընթացք ստանալ:

Հենց համավարակի ընթացքում էր, որ Իրանն օրենսդրական մակարդակով պայքարի առանձնահատուկ ուղղություն հռչակեց[100] հակաիսրայելական դիմակայությունը: Իրան-Իսրայել հակամարտությունը չի կարող դադարել ոչ համավարակի ընթացքում, ոչ էլ դրանից հետո, քանի որ երկու բևեռների շահերը միմյանց հետ անհամատեղելի են: Ընդ որում՝ սա որոշակի առնչություն ունի նաև նախագահ-հոգևոր առաջնորդ գաղափարական հակադրության հետ: Եթե գործող նախագահ Հասան Ռոհանին առավել հակված էր[101] ԱՄՆ-ի հետ երկխոսությանը, ապա հոգևոր իշխանությունները (և հատկապես՝ նրան ենթակա ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի սպանությունից հետո) կտրականապես մերժում է[102] երկխոսության տարբերակը: Նախագահի դիրքերի թուլացումից հետո իրանաամերիկյան հարաբերություններում «հալոցքի» հավանականություն չի սպասվում:

ԻԻՀ-ի թիվ մեկ հակառակորդը ներկայումս ԱՄՆ-ն ու Իսրայել են, որոնց հետ պայքարի առաջնային թատերաբեմը Սիրիան է, չնայած առանձին դրվագներ մշտապես դրսևորվում են նաև այլ տարածքներում: Արժե հիշատակել նաև հայ-իսրայելական հարաբերությունների նկատմամբ իրանական կողմի բացասական վերաբերմունքը[103] սկզբնական շրջանում, որն աստիճանաբար մեղմացավ[104], երբ Հայաստանից հնչեցին[105] «վստահության կոչեր»:

Ամերիկյան պատժամիջոցներն Իրանին պարտադրում են ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական ռազմարդյունաբերությանը, նոր դաշնակիցների ձեռքբերմանը: Համավարակի ծանր շրջանում չմեղմացած պատժամիջոցները, որոնք Իրանի համար առողջապահական և մարդասիրական բազմաթիվ խնդիրներ են առաջացրել[106] (դեղամիջոցների և բժշկական այլ պարագաների սակավություն), չեն դադարեցվելու կամ մեղմանալու դրանից հետո: Ուսումնասիրության առանձին թեմա է ամերիկյան քաղաքականությունը, սակայն իրանական կողմի համար կարևոր է ինքնապահպանությունը: Հենց հանուն սրա էլ գործադրվում և շարունակվելու են գործադրվել բոլոր միջոցները, քանի որ ստեղծված իրավիճակում հակաիրանական ցանկացած, թեկուզև՝ փոքր քայլը Թեհրանի համար ընկալվում է[107] որպես կործանարար:

Համավարակից հետո ռազմական լայնածավալ բախում չի կանխատեսվում՝ առնվազն առաջիկա 3-5 տարիների ընթացքում, երբ կողմերը փորձելու են նախ ինքնավերականգնվել, կանգնել ամուր հիմքերի վրա: Ուստի ենթադրվում է, որ փոխադարձ մեղադրանքները, առանձին ընդհարումները և տարածաշրջանի այլ տարածքներում դիրքերի ամրապնդումը կշարունակվեն:

Դ) Համավարակի ընթացքում Իսլամական Հանրապետությունում արդյունաբերության ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև ընդլայնվել են: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Իրանը պատժամիջոցների ներքո է, և երկիրը որոշակիորեն մասնագիտացել է[108] ինքնաբավության հարցում: Եթե համավարակի սկզբում երկրում առկա էր բժշկական պարագաների ու սարքավորումների պակաս, ապա այժմ արտահանման հնարավորություն[109] է ստեղծվել: Ներմուծման ծավալները որոշակիորեն փոքրացել են, Իրանն աստիճանաբար կարգավորում է ներկրվող հիմնական ապրանքները ներսում արտադրելու հարցը: Դրանցից են էլեկտրաէներգիան, մեքենաները, ռազմատեխնիկան, այլ սարքավորումները, այդ թվում՝ տիեզերագիտական: Վերջինիս առումով հարկ է նշել, որ հենց համավարակի ընթացքում Իրանը տիեզերք ուղարկեց[110] առաջին ռազմական արբանյակը, որն արդեն հասցրել են փորձարկել[111] զորավարժություններում:

2020թ. հոկտեմբերի 18-ին ավարտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի կողմից սահմանված արգելքի ժամկետը, որից հետո, եթե այն չերկարաձգվի, ինչին հետևողականորեն ձգտում է Վաշինգտոնը, Իրանը կկարողանա նաև ռազմամթերք արտահանել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ արգելքը սահմանվել էր[112] «Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ նախագծի» շրջանակներում, իսկ Միացյալ Նահանգները 2018թ. են դուրս եկել այդ նախագծից, ապա, հաշվի առնելով նաև ռուսական կողմի դիրքորոշումը, արգելքը չի երկարաձգվի:

Նախատեսվում է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնում (ընդ որում՝ նոր տերմինալի կառուցում[113]), Չինաստանի և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացում, ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության աճ: Իրանական կողմը հույս է հայտնել[114], որ առաջիկայում շահագործման կհանձնվի նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին:

Համավարակից հետո Իրանի առաջ դրված հիմնական տնտեսական խնդիրը լինելու է ներքին ինքնաբավությունն[115] ապահովելը, սակայն կարևոր նշանակություն է ունենալու դաշնակցային-գործընկերային հարաբերությունների ընդլայնումը: Մասնավորապես՝ ճգնաժամից հետո, վերականգնման փուլում, իրանական արտաքին քաղաքականությունն առավել հանդուրժողական դրսևորում է ստանալու, քանի որ ներկայումս մեծ թափով զարգանում է արդյունաբերությունը, որը հետագայում նոր շուկաների կարիք է ունենալու[116]. ամենայն հավանականությամբ՝ փորձեր են կատարվելու հարաբերությունները կարգավորել Եվրամիության և/կամ նրա առանձին պետությունների հետ: Շարունակվելու են խորանալ Հարավամերիկյան դաշնակիցների հետ հարաբերությունները[117]:

Թուրքիայի հետ հարաբերությունները փոխադարձության սկզբունքով[118] շարունակելու են ընթանալ հանդարտ հունով: Ընդծենք, որ նավթաքիմիական արտադրանքի արտահանման ուղղություններից մեկը հենց Թուրքիան է[119]: Տարածաշրջանում հակաիսրայելական գործողություններն առավել ագրեսիվ բնույթ են ստանալու: Վերջինիս հաջողությունից է կախված լինելու Իրանի դիրքը տարածաշրջանում՝ Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոցի հատվածում: Սա իր հերթին ենթադրում է Սիրիայում ռազմական ներկայության ընդլայնում, Իրաքի հետ հարաբերությունների նոր մակարդակի ձևավորում, Չինաստանի հետ գործընկերության խորացում, ակտիվացում Հնդկական օվկիանոսում և այլն:

Ընդհանուր առմամբ

Եթե ընդհանրացնենք Հայաստանի հարևան երկրներում համավարակից հետո սպասվող իրավիճակի ու հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունը, ապա կարող ենք ընդգծել, որ 2021թ. կեսերից (երբ սպասվում է[120] համավարակի նահանջ) հետո ոչ միայն աշխարհում, այլև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու ռազմատնտեսական հարաբերությունների փոփոխություններ՝ դրական առումով, չեն գրանցվելու:

Եթե մինչև համավարակը համաշխարհային անհստակություն և տուրբուլենտություն էր տիրում, ընթացքի մեջ էր աշխարհակարգի փոփոխությունը, ապա համավարակի պայմաններում այդ իրավիճակը շարունակում է[121] պահպանվել հավելյալ ցնցումներով:

Համավարակը ոչ միայն չի մեղմացրել բևեռացումն ուժային կենտրոնների միջև, այլ դարձել է հակամարտության նոր թատերաբեմ: Ընդ որում՝ բևեռացումը տեխնոլոգիականից անցում է կատարում դեպի մարդասիրականի, որը լավագույնս արտահայտվում է նաև մեր տարածաշրջանում:

Ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի բոլոր պետություններում համավարակը կարծես ստուգաթերթ է. հենց հաղթահարման արդյունավետությունից է կախված լինելու պետական մարմինների (նաև միջազգային կազմակերպությունների) նկատմամբ հետագա վերաբերմունքը: Պետությունների ղեկավարները և նրանց կադրերն այս ընթացքում ձգտելու են պահպանել իրենց վարկանիշը՝ երբեմն նույնիսկ դրա մասին ավելի շատ մտածելով, քան իրենց գործունեության արդյունքի:

Հակամարտությունները ոչ միայն չեն մեղմանալու, այլև սրվելու են: Ռազմական լրջագույն բախում գուցե առաջիկա տարիներին չլինի, քանի որ կողմերը վերականգնվելու ժամանակի կարիք են ունենալու, սակայն առավել նպաստավոր դիրքերով համավարակը հաղթահարող պետությունները նաև հակամարտություններում են շահեկան դիրք ունենալու: Լարվածությունը մերթընդմերթ մեծանալու է նաև Ղարաբաղյան հակամարտությունում (հուլիսյան[122] մարտական գործողությունների ու նախիջևանյան զորավարժությունների նմանությամբ), սակայն հիմնականում ծառայելու է ադրբեջանական ներքին խնդիրներից շեղելուն:

Առաջանալու է արևմտյան ներդրումների նվազման խնդիր: Հնարավոր և հետաքրքրությունների տիրույթում գտնվող, միաժամանակ համավարակից առավել տուժած երկրներում ներդրումային ագրեսիվ քաղաքականություն է վարելու Թուրքիան: Տարածաշրջանում կանխատեսվում է ասիական հատվածից (Չինաստան, Ճապոնիա) ներդրումային ծրագրերի աճ:

Համավարակից հետո աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի շրջակա տարածաշրջանը, մտնելու է վերակազմավորման՝ ապագայի պլանավորման նոր փուլ: Գիտատեխնոլոգիական ոլորտն ավելի մեծ թափով է ներգրավվելու համաշխարհային մրցակցությանը: Առաջիկա հատվածում՝ համավարակի ընթացքում և դրա հաղթահարումից անմիջապես հետո, փոփոխությունները կրելու են հախուռն բնույթ՝ տատանվող հաջողություններով, բախումներով ու զիջումներով: Էական փոփոխությունները կերևան արդեն «հանդարտ փուլում», երբ ծանր վիճակից «գլուխները վեր բարձրացնող պետությունները կդիտեն շուրջբոլորը»՝ տարածաշրջանում և աշխարհում առկա նոր իրողությանը:

Ավարտ


[1] Какие меры для поддержки экономики вводили в разных странах в связи с коронавирусом, ТАСС, 26.04.2020

[2] Новые больницы скорой помощи станут гордостью Турции, AA, 31.05.2020

[3] Турция отправила гуманитарную помощь в арабские страны, Covid19Turkey, 19.04.2020

[4] Рубен Сафрастян: Турция находится на пределе своих возможностей, EurAsia Daily, 04.07.2020

[5] Эрдоган хочет повысить свой рейтинг, превратив собор Святой Софии в мечеть – эксперт, Baltnews, 11.07.2020

[6] Эрдоган объявил о скором тендере на канал «Стамбул», AA, 08.03.2020

[7] Pençe Kartal operasyonu nedir ve nerede gerçekleşiyor?, Hürriyet, 17.06.2020

[8] Ըլըսուի ջրամբար․ Թուրքիայի ջրային նոր մահակը՝ ընդդեմ քրդերի և Իրաքի, Հայկ Գաբրիելյան, Civilnet, 03.06.2020

[9] Նույն տեղում

[10] Türkiye Kerbela’yı yaşatıyor: Çocuklar susuzluktan hastalanıyor, Yeni Yaşam Gazetesi, 26.07.2020

[11] Война во время пандемии. Почему мир не перестал воевать в карантин?, BBC Русская Служба, 03.06.2020

[12] Турция обвинила курдов во взрыве на севере Сирии, РИА НОВОСТИ, 26.07.2020

[13] Эрдоган предложил Путину разрабатывать нефтяные месторождения в Сирии, РИА НОВОСТИ, 10.03.2020

[14] Erdoğan praises presidential system, says Turkey to remain in Syria until Syrians ‘free’, Ahval, 21.07.2020

[15] Иракские курды опасаются, что военная кампания Турции направлена не только против РПК, RIATAZA, 21.07.2020

[16] Курдские формирования заявили, что Турция создает базы на севере Ирака, РИА НОВОСТИ, 28.06.2020

[17] Россия и Турция создадут совместную рабочую группу по Ливии, ТАСС, 22.07.2020

[18] Новые больницы скорой помощи станут гордостью Турции, AA, 31.05.2020

[19] Турция намерена войти в ТОП-10 крупнейших экономик мира, AA, 20.06.2020

[20] Мир стоит на пороге глубоких изменений, AA, 18.03.2020

[21] За 2 года по TANAP в Турцию поставят 6 млрд кубометров газа, AA, 11.06.2020

[22] Водохранилище «Ылысу» — показатель мира, процветания и дружбы, AA, 18.05.2020

[23] Беспилотная армия Эрдогана готовится к бою, НЕЗАВИСИМОЕ Военное Обозрение, 24.07.2020

[24] Նույն տեղում

[25] Էրդողանի անօդաչուները. Akıncı, BTB 2, ANKA և այլ մոդելներ, REGST, 26.07.2020

[26] Ismail Demir, Twitter, 04.07.2020

[27] Турция будет серийно производить свои ракеты «море-море», AA, 02.11.2018

[28] Беспилотная армия Эрдогана готовится к бою, НЕЗАВИСИМОЕ Военное Обозрение, 24.07.2020

[29] Վրաստան-Թուրքիա. Իրականության գիտակցման առաջին քայլերը, Վրաստանի հայ համայնք, 14.10.2014

[30] Թուրքական տնտեսական էքսպանսիան մարտահրավեր է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Times.am, 15.03.2015

[31] Азер Мехтиев: Три кризиса в Азербайджане — пандемия, цены на нефть и реформы, Turan, 15.04.2020

[32] Ильхам Алиев объявил о завершении нефтяной эпохи в Азербайджане, Haqqin, 01.05.2020

[33] Стратегическое планирование инфраструктуры для устойчивого развития в Азербайджане, OECD, 2019

[34] Source for Oil & Energy News, OIL PRICE,

[35] Президент Алиев утвердил госбюджет на 2020г, 16.12.2019

[36] Ситуация критическая: как власти Азербайджана помогают бизнесу и населению?, EurAsia Daily, 07.05.2020

[37] Кура высыхает: перед Азербайджаном новая проблема – дефицит воды, 1News.az, 02.07.2020

[38] Ադրբեջանը ջրի խնդրանքով դիմել է Իրանին, REGST.net, 11.07.2020

[39] Сколько расходует государство на антикризисные программы?, Зеркало, 13.04.2020

[40] Азер Мехтиев: Три кризиса в Азербайджане — пандемия, цены на нефть и реформы, Turan,

[41] Депутат НС Армении сообщила о слухах о заражении COVID-19 в азербайджанской армии, Armenpress, 17.04.2020

[42] Оппозиция Азербайджана: За последние две недели арестованы более 10 членов партии, OC-MEDIA, 24.04.2020

[43] Nazirlər Kabineti önündə aksiya edən jurnalist Pərvin Abışova saxlanıldı, Portağal Media, 09.07.2020

[44] AXCP-yə qarşı repressiya davam edir, Əli Kərimli, 22.04.2020

[45] В Азербайджане задержан глава Имишлинского района, заведены уголовные дела в отношении 8 представителей властей районов, Москва-Баку, 05.05.2020

[46] Two PFPA members detained, Turan, 16.07.2020

[47] Колония № 13: Коронавирус в азербайджанской тюрьме, OC Media, 13.06.2020

[48] Azerbaijan’s president aims to finish off the political opposition, The Washington Post, 29.07.2020

[49] Պետդեպը քննադատել է Ադրբեջանին և մի շարք երկրների Covid-19-ի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը լռեցնելու համար, Ազատություն Ռադիոկայան, 22.07.2020

[50] Ալիև․ Այսօր փաստացի բանակցություններ չկան, Ազատություն, 07.07.2020

[51] Ադրբեջանը սահմանային լարվածությամբ կրկին փորձում է շեղել իր բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից. Սերգեյ Մինասյան, ArtsakhPress, 28.09.2015

[52] Азербайджанская армия приступила к широкомасштабным учениям, SalamNews, 02.03.2020

[53] ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին, ՀՀ ԱԳՆ, 18.07.2020

[54] Министр обороны: Меры, которые мы предпримем на этот раз, будут отличаться от апрельских событий 2016 года, Report, 30.05.2020

[55] Закир Гасанов:«В 2016 году во время апрельских боев армяне потерпели в 10 раз больше потерь,чем мы», CBC.az, 22.06.2020

[56] В Азербайджане задержан глава консульского управления МИД по подозрению в коррупции, Interfax.az, 10.07.2020

[57] Эльмар Мамедъяров уволен – Распоряжение, ABC.az, 16.07.2020

[58] Ильхам Алиев объявил о завершении нефтяной эпохи в Азербайджане, Haqqin, 01.05.2020

[59] Стратегическое планирование инфраструктуры для устойчивого развития в Азербайджане, OECD, 2019

[60] «Азербайджан после пандемии: сценарий развития», Trend, 04.07.2020  

[61] Նույն տեղում:

[62] Премьер-министр Грузии представил антикризисный план, Regnum, 24.04.2020

[63] Правительство покроет гражданам Грузии коммунальные услуги за три месяца, NewsGeorgia, 01.04.2020

[64] Запреты и комендантский час: вся Грузия превратилась в зону карантина, Sputnik Грузия, 31.03.2020

[65] Новые массовые протесты в Грузии после провала избирательной реформы, DW, 21.11.2019

[66] Оппозиция предлагает правительству Грузии выдать пенсионерам ваучеры, Regnum, 21.03.2020

[67] Годовщина “ночи Гаврилова”. В Грузии вспоминают разгоны протестов и жалуются на отсутствие правосудия, CurrentTime, 19.06.2020

[68] «Оппозиция наступает»: после пандемии Грузию ждет новый виток протестов, Евразиа Эксперт, 20.05.2020

[69] В Грузии началась предвыборная кампания, 21.07.2020

[70] Женевские дискуссии, Sputnik Абхазия

[71] В МИД рассказали о провокациях Грузии на границе с Россией, Риа Новости, 15.07.2020

[72] Бжания заявил, что Абхазия хочет мира с Грузией, Риа Новости, 03.07.2020

[73] Абхазия откроет временный коридор на границе с Грузией, Sputnik Абхазия, 10.07.2020

[74] Комментарии Пресс-службы РПП ФНЕА к дискуссии в Парламенте РА по вопросам внешней политики, АИААИРА, 25.07.2020

[75] Туризм в Грузии, Wikipedia, 20.02.2020

[76] Подсчитано число российских туристов в Грузии, ИЗВЕСТИЯ, 20.09.2019

[77] Что не так с границей между Азербайджаном и Грузией?, Regnum, 02.03.2019

[78] Посла Грузии вызвали в МИД Азербайджана, Haqqin, 15.07.2019

[79] МВД Грузии объяснило, что произошло на границе с Азербайджаном, EurAsia Daily, 15.07.2019

[80] В СГБ заявили о попытках разжигания межнациональной розни в Квемо-Картли и Кахетии, NewsGeorgia, 30.05.2020

[81] Թուրքական տնտեսական էքսպանսիան մարտահրավեր է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Times.am, 15.03.2015

[82] Վրաստան-Թուրքիա. Իրականության գիտակցման առաջին քայլերը, Վրաստանի հայ համայնք, 14.10.2014

[83] Австрийская OMV получила лицензию на разведку и добычу нефти в Грузии, Newsgeorgia, 27.06.2020

[84] SOCAR повысил уровень газификации в Грузии до 78%, Azerbaycan24, 05.03.2020

[85] Турнава: Грузия ведет успешные переговоры с «Газпромом» и другими поставщиками газа, NewsGeorgia, 28.05.2020

[86] Коронавирус в Иране: замминистра здравоохранения заражен, ситуация ухудшается, BBC/russian, 25.02.2020

[87] В Иране открылась крупнейшая фабрика в Юго-Западной Азии по производству масок, IRNA, 14.04.2020

[88] Специалисты из Китая прибыли в Иран для оказания помощи в борьбе с коронавирусом, ТАСС, 29.02.2020

[89] Иран поблагодарил Китай за помощь в борьбе с США и коронавирусом, Красная Весна, 16.04.2020

[90] Иран разделят на несколько зон в зависимости от распространения COVID-19, 26.04.2020

[91] Iran Coronavirus Cases, Worldometer, 02.08.2020

[92] Роухани акцентирует решение проблем с опорой на внутренние ресурсы, ParsToday, 19.07.2020

[93] Вспышка коронавируса в Иране: парламент приостанавливает работу, Sputnik Armenia, 28.02.2020

[94] Возвращение Ахмадинежада, RT На Русском, 12.06.2020

[95] На выборах в Иране лидирует оппозиция президента Роухани, 22.02.2020

[96] Возвращение Ахмадинежада, RT На Русском, 12.06.2020

[97] Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղն ու դերն Իրանի քաղաքական համակարգում, Արմեն Վարդանյան, REGST.net, 22.04.2020

[98] О социально-экономической ситуации в Иране в условиях коронавирусной пандемии, CAAN, 13.05.2020

[99] Святыни не лизать!, Новая Газета, 05.03.2020

[100] Иранские депутаты одобрили создание законопроекта против враждебных мер сионистского режима, Iran.ru, 13.05.2020

[101] Новый президент Ирана: «осторожный либерал» Хасан Рухани, МЦ Карнеги, 17.06.2013

[102] Хаменеи: Переговоров Ирана с США не будет, издевательствам не поддадимся, EurAsia Daily, 31.07.2020

[103] Акция у посольства Армении в Иране была организована определенными кругами, Lragir, 11.06.2020

[104] Իրանը հարգում է Հայաստանի որոշումը․ Իրանի դեսպանը՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու մասին, Արմենպրես, 08.07.2020

[105] Հայաստանը երբեք չի եղել հակաիրանական հարթակ և դա մեր հարավային հարևանը շատ լավ է գիտակցում. Արմեն Վարդանյան, REGST, 11.07.2020

[106] Նույն տեղում

[107] Эксперт: санкции США сделали коронакризис в Иране более смертельным, IRNA, 10.05.2020

[108] Иран в ситуации трансформации санкционного режима, Cyberleninka, 15.08.2017

[109] Иран готов увеличить экспорт препарата против коронавируса, IRNA, 10.06.2020

[110] Iran’s 1st home-made military satellite put into orbit, Mehr News, 22.04.2020

[111] КСИР Ирана начинает учения на юге страны, Iran.ru, 29.07.2020

[112] Иран сможет свободно покупать и продавать оружие с 18 октября 2020 года, REGNUM, 13.05.2020

[113] Транспортно-логистический терминал откроют на ирано-азербайджанской границе, IRNA, 08.06.2020

[114] Иранский дипломат: Армения — это очень хорошая возможность для нас, Arminfo, 12.06.2020

[115] Иран назвал уровень самообеспечения продукцией военного назначения, EurAsia Daily, 19.02.2020

[116] Иран выживает за счет промышленности, а не нефти, Вестник Кавказа, 16.06.2020

[117] Նավթային երկիր Վենեսուելան Իրանից է բենզին ներկրում՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, REGST, 27.05.2020

[118] Turkish Speaker Voices Opposition to US Sanctions on Iran, TasnimNews, 04.08.2020

[119] Производство нефтехимической продукции в Иране за 2 месяца выросло на 6 %, Iran.ru, 19.05.2020

[120] Ученый заявил, что эпидемия коронавируса продлится до весны 2021 года, Газета, 23.06.2020

[121] Пандемия перемен: между геополитикой и обществом, Валдай, 01.06.2020

[122] Հուլիսյան մարտեր․ պատճառները և հնարավոր հետևանքները, ORBELI CENTER, 29.07.2020

Telegram

Advertisements