Ինչպե՞ս են Թուրքիան ու Ադրբեջանը կլանում Վրաստանի տարածքը

Թուրքիան «տիրացել է» Աջարիային, մտադրություններ ունի Աբխազիայի նկատմամբ, Վրաստանում կառուցում է ռազմաբազաներ, օդանավակայաններ՝ կառավարելով դրանք:

Նկար՝ © topwar \ Աջարիա

Թուրքիան առաջինն է ճանաչել Վրաստանի անկախությունը՝ 1991թ. դեկտեմբերի 16-ին, իսկ 1992թ. մայիսի 21-ին, ԱՄՆ-ից հետո, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել նրանց միջև: Թուրքիայի համար Վրաստանի կարևորության մասին է խոսում այն, որ 1992թ. վերջին վարչապետ Սուլեյման Դեմիրելի պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են Բարեկամության, համագործակցության ամրապնդման և փոխադարձ անվտանգության մասին համաձայնագիրը, Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մասին դեկլարացիան: Ավելին, Անկարան անմիջապես սկսել է միջամտել Վրաստանի ներքին քաղաքական կյանքին. 1992թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության սատարման մասին:

1999թ. նոյեմբերի 18-ին Վրաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի վարչապետի կողմից ստորագրվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի նախագծի համաձայնագիրը: Գործում է դեռևս 19-րդ դարի վերջերին կառուցված «Բաքվի նավթային շրջան-Գյանջա-Թբիլիսի-Բաթումի» նավթատարը, որն անցնում է երկաթուղային և ավտոմոբիլային ուղիներին զուգահեռ:

Թուրքական ազդեցության առաջընթացը

Թուրքական ազդեցության առաջընթաց գրանցվեց Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության շրջանում: 2004թ. թուրքերն ավարտեցին Մառնեուլիի ռազմական օդանավակայանի վերակառուցումը. արժեքը՝ 3 մլն դոլար: Շարունակվում էր թուրքական ֆինանսական աջակցությունը վրացական բանակին. 1998-2008թթ. Անկարան 40-45 մլն դոլարի անհատույց ֆինանսական միջոցներ է հատկացրել: Թուրք մասնագետները նաև օգնել են Սենակի ռազմաբազային կառուցման հարցում՝ այն համապատասխանացնելով ՆԱՏՕ-ի պահանջներին: Գտնվում է Աբխազիայի սահմանների մոտ: Մինչև 2008թ. «Սովորեցրու և ապահովիր» ծրագրի շրջանակներում Թուրքիայում վերապատրաստում են անցել 600 վրացի հատուկջոկատայիններ: Այդ նույն շրջանում կառուցվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, սկսել է գործարկվել «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը:

Բացի այդ՝ Թուրքիային հաջողվել է դառնալ Վրաստանի առևտրային գործընկերը: 2019թ. առևտրի ծավալը կազմել է 1,85 մլրդ դոլար: Թուրքական ընկերություններն իրականացրել են 4,8 մլրդ դոլար արժողությամբ 258 նախագիծ, որից 1,5 մլրդ-ը՝ Աջարիայում: Այստեղ հյուրանոցների և խանութների մեծ մասը պատկանում է Թուրքիայի քաղաքացիներին: Հարկ է նշել, որ թուրքական բիզնեսը Վրաստանում օգտագործում է հենց թուրքական աշխատուժը: Վրաստանում գործում են նաև թուրքական ֆինանսական կազմակերպություններ, որոնցից ամենանշանավորն Իշբանկն է՝ Թբիլիսիի և Բաթումիի մասնաճյուղերով:

Վրաստանում գործում է Յունուս Էմրեի ինստիտուտը, որը զբաղվում է թուրքական լեզվի ու մշակույթի տարածմամբ: Վրաստանի համար սրա վտանգավորությունը պայմանավորված է մեծ թվով ադրբեջանցի բնակչության առկայությամբ: Բացի այդ՝ Վրաստանն Ադրբեջանի հետ ունի տարածքային խնդիր՝ Դավիդ Գարեջի վանական համալիրի հատվածում:

Աջարիայի բնակչության մի ստվար հատված զբաղվում է մակույկային առևտրով՝ Թուրքիայից մեծ սպառման ապրանքներ մատակարարելով Վրաստան: Աջարիայում զարգանում են խաղային բիզնեսը, ալկոհոլային խանութները և մերսման սրահները՝ նախատեսված թուրք զբոսաշրջիկների համար:

Բաթումիի և Թբիլիսիի միջազգային օդանավակայանները գտնվում են թուրքական TAV Airports holding ընկերության կառավարման ներքո (հենց նա էլ կառուցել է): Ակնհայտ է թուրքական ներկայությունը նաև էներգետիկայի ոլորտում, օրինակ՝ Քիրնաթիի ՀԷԿ-ը կառուցվել է «Achar Energy 2007»-ի կողմից:

Մեկ այլ թեմա է Վրաստանի իսլամականացումը: Դրանով զբաղվում են Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը և թուրքական ընկերությունները: Այս արշավը բուռն կերպով ընթանում է Աջարիայում: ՄԱԿ-ի 2015թ. տվյալներով՝ Աջարիայի բնակչության 40%-ը մուսուլման վրացիներ են: Վերջին տարիներին այստեղ աճել է կրոնական հաստատություններ ու աղոթարանների թիվը: Բացի այդ՝ թուրքերը 2004թ.-ից սկսած մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերել:

Այսպիսով, տեղի է ունենում Աջարիայի աստիճանական թուրքացում, ինչը կարող է հանգեցնել Աջարիայի անջատման և Թուրքիային միացման: Թուրքիան կարողացել է օգտվել Վրաստանի թուլացումից՝ մեծ ազդեցություն ձեռք բերելով այստեղ: Վրաստանն Անկարայի համար կարևոր է նաև Ադրբեջանի հետ կապի առումով, այնտեղի նավթի ու գազի խողովակների անվտանգ անցման առումով:

Տարածքային նկրտումներ

Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես սատարում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Վրաստանն իր հերթին ճանաչել է նրանց տարածքային ամբողջականությունը՝ որոշակիորեն սատարելով նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Սակայն իրականում Թուրքիան մտադրություններ ունի նաև Աբխազիայի նկատմամբ. այնտեղ նույնպես ներդրումներ են կատարվում: Աջարիայի նմանությամբ՝ այստեղ ևս հետևողական աշխատանքներ են իրականացվում: Թուրքիայի բազմաթիվ պաշտոնյաների ու կուսակցականների անունից հաճախ են հնչում պաշտոնական Անկարայի կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը:

1921թ. Կարսի պայմանագիրը, որը կնքվել է Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև, նպաստավոր պայմաններ է ստեղծում Վրաստանում թուրքական գործունեության համար, այդ թվում՝ Բաթումիի նավահանգստից ազատ օգտվելու և այլն: Թուրքիան այդ պայմանագրի հիման վրա իրավունք ունի ցանկացած նատակով օգտագործել վրացական տարանցիկ ուղիները և օգտվում է այդ իրավունքից: Նախիջևանում թուրքական ռազմաբազային հիմնման դեպքում Թուրքիան, ստացվում է, լիովին շրջափակում է Հայաստանը:

Թբիլիսին Անկարային ու Բաքվին ենթարկեցնելուն նպաստող հանգամանք է մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան, որոնք տեղահանվել են 1944թ.: 2019թ. Թբիլիսիում միջոցառում է տեղի ունեցել նրանց տեղահանման հիշատակին նվիրված: Հաշվի առնելով, որ Թուրքիան երբեմն որոշում է՝ Վրաստանում համազգային տոն նշվի, թե՝ ոչ (օրինակ՝ 1121թ. օգոստոսի 12-ի Դիդգորի ճակատամարտի 900 ամյակին նվիրված), չի բացառվում, որ մեսխեթցի թուրքերը կվերադառնան Վրաստան:

Հրապարակումը պատրաստված է Պյոտր Մակեդոնցևի հեղինակած հոդվածի հիման վրա՝ REGST.net-ի խմբագրմամբ:

Telegram

Advertisements