Եգիպտոսում հնդկական կապիկների գերեզման են հայտնաբերել

Մինչ օրս Աֆրիկայի հնագիտական պեղումներում հնդկական կապիկներ չէին հայտնաբերվել: Գտածոն վկայում է, որ Հին Եգիպտոսն առևտրային կապեր է ունեցել Հնդկաստանի հետ:

Նկար՝ © Marta Osypińska \ Մակակա տեսակի կապիկի մնացորդներ

Եգիպտոսում կենդանիների գերեզմանի պեղումների ժամանակ Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի մասնագետները հայտնաբերել են կապիկների հուղարկավորություն: Սա վկայում է այն մասին, որ հին եգիպտացիներն ու հռոմեացիները նրանց Եգիպտոս են բերել Հնդկաստանից և պահել են որպես ընտանի կենդանիներ:

Կապիկների թաղվել են մոտ 2 հազար տարի առաջ՝ կենդանիների գերեզմանի տարածքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ հնագույն Բերենիս նավահանգստում: Գիտնականները պարզել են, որ կմախքները պատկանում են մակակա տեսակին, որոնք բնակվում են բացառապես Հնդկաստանի տարածքում:

Լեհաստանի գիտությունների ակադեմիայի կենդանիների հնագետ Մարթա Օսիպինսկան նշել է, որ, իրենց կարծիքով, ազդեցիկ հռոմեացիները, որոնք ապրել են Բերենիսում, իրենց շրջապատել են տարատեսակ կենդանիներով: Նրանց շարքում եղել են նաև կապիկներ:

Կապիկների հուղարկավորությունից բացի՝ հնագետները գտել են նաև կատուների և շների գերեզմաններ: Ընտանի կենդանիները նրբորեն թաղվել են, նրանցից մեկը բրդե կտորով է ծածկված եղել: Կենդանիների մոտ հայտնաբերվել են նաև խեցեգործական իրեր, այդ թվում՝ ամֆորաներ:

Մարթա Օսիպինսկայի խոսքով՝ սա յուրահատուկ գտածո է: Մինչ օրս Աֆրիկայի հնագիտական պեղումները հնդկական կապիկներ չէին հայտնաբերել: Նա ուշագրավ է համարել այն, որ հնագույն գրավոր աղբյուրներն այդ մասին չեն հիշատակել:

Հնդկական կապիկների՝ հայտնաբերված կմախքները վկայում են, որ Հին Եգիպտոսն առևտրային կապեր է ունեցել Հնդկաստանի հետ, որտեղից բերվել են համեմունքներ, գործվածքներ և պերճանքի այլ պարագաներ:

Telegram

Advertisements