2020թ. Ռուսաստանի բնակչության թիվը վերջին 14 տարում ամենաշատը կնվազի

Ծնելիությունը նվազում է: Ռուսաստանի բնակչության ընդհանուր թիվը բնական նվազման պայմաններում կարող է աճել միայն միգրացիայի շնորհիվ:

Նկար՝ © pixabay.com \ Ռուսաստան

ՌԴ զարգացման ազգային նպատակներին հասնելու կառավարական ծրագրի նախագծի համաձայն՝ 2020թ. Ռուսաստանի բնակչությունը հինգ անգամ ավելի արագ է նվազում, քան՝ նախորդ տարիներին: Աղքատության մակարդակն աճում է՝ հասնելով 13,3%-ի:

Կառավարության գնահատմամբ՝ Ռուսաստանում համավարակի պայմաններում 2020թ. բնակչությունը կկրճատվի 158 հազարով. սա վերջին 14 տարվա ընթացքում առավելագույն թիվն է: Փաստաթղթի համաձայն՝ բնակչության թվի դրական ցուցանիշներ հնարավոր է գրանցվեն 2022թ.-ից սկսած:

Բնակչության առավել զանգվածային նվազում Ռուսաստանում գրանցվել է 2006թ., երբ երկրի բնակչությունը պակասել է 373,9 հազարով:

Ռուսական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2020թ. առաջին կիսամյակին բնակչության թվի բնական անկումը կազմել է 265,5 հազար: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մահացությունն աճել է 3,1%` 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ապրիլ-հունիս ամիսներին Covid-19-ի հետևանքով Ռուսաստանում մահացել է 27 411 մարդ (անմիջապես կորոնավիրուսի պատճառով և կորոնավիրուսային վարակի հաստատմամբ այլ պատճառով մահացությունները):

Բնակչության կայուն բնական աճ հնարավոր է ծնելիության 2,1 մակարդակի (յուրաքանչյուր կնոջը բաժին ընկնող ծնունդների քանակը) և տևական ժամանակ այդ ցուցանիշի պահպանման դեպքում: Սակայն Ռուսաստանում ծնելիությունը, ընդհակառակը, նվազում է, և 2024թ. հասնելու է 1,75-ի: Նշվում է, որ Ռուսաստանի բնակչության ընդհանուր թիվը բնական նվազման պայմաններում կարող է աճել միայն միգրացիայի շնորհիվ:

Telegram

Advertisements