Մարդն էվոլյուցիայի ընթացքում կաթը մարսելը շատ արագ է յուրացրել

Կենտրոնական Եվրոպայում բնակչության 70-90%-ը հեշտությամբ է կաթը մարսում, իսկ չինացիների 90%-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդիկները չեն կարողանում կաթ խմել:

Նկար՝ © Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Հասուն տարիքում կաթը մարսելու ունակությունը դարերով փոխել է մարդկանց սննդակարգային սովորությունները և միջավայրը: Բայց թե երբ և ինչպես է այդ ընդունակությունը՝ «կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը», ձևավորվել ու ամրապնդվել, դեռևս վեճերի առարկա է:

Ուսումնասիրելով մ.թ.ա. մոտ 1200թ.՝ բրոնզե դարում, մարտերում զոհված մարդկանց ոսկորների գենետիկ նյութը՝ գիտնականների միջազգային խումբը ենթադրել է, որ կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը Կենտրոնական Եվրոպայում տարածվել է ընդամենը մի քանի հազար տարում. անհավատալի արագությամբ՝ եթե համեմատելու լինենք մարդու մոտ դիտարկվող էվոլյուցիոն փոփոխությունների հետ:

© Tollense Valley Project \ Տոլենսի մոտ զոհված զինվորների մնացորդները

Ճակատամարտը տեղի է ունեցել Տոլենս գետի ափին՝ Գերմանիայի ներկայիս տարածքում, և Եվրոպայի պատմության առաջին ամենախոշոր մարտերից է եղել: Մասնակցել է 4 հազար մարտիկ, որոնցից առնվազն հազարը զոհվել են: Չնայած մնացորդների տարիքին՝ հետազոտողները սեքվենավորել են ոսկորների որոշ մասերի ԴՆԹ-ն: Նրանք վերականգնել են զոհված տղամարդկանց համեմատաբար լիարժեք 14 գենոմ և հաստատել, որ նրանք բոլորն էլ նույնից պոպուլյացիայից կամ ցեղից են եղել:

Հաջողվել է հասկանալ, թե ինչ հաճախականությամբ է Եվրոպայի այդ հնագույն բնակիչների ԴՆԹ-ում հանդիպել LCT գենի մուտանտային տարբերակը: Պարզվել է, որ կաթնաշաքարը կարողացել է յուրացնել միայն յուրաքանչյուր 8-րդ մարտիկը, որը զոհվել է Տոլենս գետի ափին տեղի ունեցած կռվում: Դա ուշագրավ բացահայտում է համարվում, քանի որ այդ տարածքում հողագործների հասարակության ի հայտ գալուց արդեն 4 հազար տարի էր անցել:

© Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Միաժամանակ՝ գիտնականները հնարավորություն են ստացել համեմատել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների՝ 3200 տարի առաջ և այդ տարածքում դրանից հետո՝ ընդհուպ մինչև մեր օրերը բնակված մարդկանց տոկոսային հարաբերակցությունը: Ժամանակակից Գերմանիայում կաթնաշաքարի յուրացման խնդիր հանդիպում է բնակչության շուրջ 15%-ի մոտ: Հետազոտության համահեղինակ, Նյու Յորք նահանգի՝ Սթոնի-Բրուքում գտնվող համալսարանից Կրիշնա Վիրամայի խոսքով՝ Միջնադարյան Եվրոպայում բնակչության 60%-ը հասուն տարիքում կարողացել է կաթ խմել: Կենտրոնական Եվրոպայում ներկայումս գրեթե նույն ցուցանիշն է՝ 70-90%: Գիտնականը դա համարել է կաթի մարսումը կարգավորող գենի փոփոխության անհավատալի արագություն: Թվում՝ այն կրողները 6%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել ժառանգ ունենալու, քան՝ մյուս եվրոպացիները: Վիրամայի համոզմամբ՝ դա ամենավստահ ապացույցն է մարդկանց մոտ բնական դրական ընտրության:

Հետազոտության առաջատար հեղինակ Յոահիմ Բուրգերը ենթադրել է, թե ինչը կարող էր պայմանավորել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների էվոլյուցիոն առավելությունը: Նրա կարծիքով՝ քանի որ կաթը բարձր էներգետիկա ունեցող և համեմատաբար մաքուր ըմպելիք է, այն օգտագործելն ավելի շատ հավանականություն կարող էր ապահովել սննդի կամ խմելու ջրի անբավարարության ժամանակ:

Չնայած Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կաթի մեծ պահանջարկին՝ ներկայումս բնակչության գրեթե 2/3-ը շարունակում է չմարսել կաթնաշաքարը: Հասուն տարիքում կաթը դժվարությամբ են մարսում հասուն տարիքի չինացիների 90-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների 100%-ը:

Telegram

Advertisements