Վրաստանն աշնանը ստիպված է լինելու դիմակայել գրիպին և Covid-19-ին` միաժամանակ

Վրացական NCDC-ի ղեկավարի խոսքով՝ սա առաջին սեզոնն է լինելու, երբ գրիպն ու կորոնավիրուսը համատեղ են տարածվելու/գոյություն ունենալու:

Նկար՝ © 1tv.ge \ Թբիլիսիում մանկապարտեզն ախտահանվում է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ աշնանը երկիրը ստիպված է լինելու դիմակայել գրիպի և Covid-19-ի միախառնված շրջանառությանը:

Նրա խոսքով՝ այդ վիրուսների համադրությունը կարող է լուրջ բարդացումների վտանգով սպառնալ: Գամկրելիձեն միաժամանակ նշել է, որ կլինիկապես գրիպն ու Covid-19-ը շատ նման են և մեծամասամբ դրանք հնարավոր է տարբերել միայն լաբորատոր հետազոտությամբ:

Վրացական NCDC-ի ղեկավարի խոսքով՝ ամբողջ աշխարհի ուշադրությունն է այդ հարցի վրա սևեռված: Սա առաջին սեզոնն է լինելու, երբ գրիպն ու կորոնավիրուսը համատեղ են տարածվելու/գոյություն ունենալու: Գամկրելիձեն ընդգծել է, որ դա շատ վտանգավոր է, քանի որ դրանք կարող են խորացնել միմյանց հետևանքները:

Ամիրան Գամկրելիձեն շեշտել է, որ այս տարի գրիպի դեմ պատվաստումն առավել կարևոր է, քանզի այն հնարավորինս կնվազեցնի վտանգները: Վրաստանն արդեն գնել է 135 հազար չափաբաժին պատվաստանյութ: Այն հասանելի է լինելու հղիների, երեխաների և խրոնիկական հիվանդություններ ունեցողների համար: Վտանգավոր խմբում գտնվողները, Գամկրելիձեի խոսքով, պարտադիր պատվաստում են անցնելու հոկտեմբերի կեսերից:

Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում աշնանը կորոնավիրուսով վարակված պացիենտների թվի ամենօրյա վիճակագրությունն աճելու է:

Telegram

Advertisements