Իրանում մեկնարկում են մարդկանց վրա Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութը, որը պատրաստված է մահացած կամ թուլացած վիրուսներից, կենդանիների վրա փորձարկումներում հաջողություն է գրանցել:

Նկար՝ © REUTERS \ Պատվաստանյութի մշակում

«Իրան» բժշկական համալսարանի ռեկտոր Ջալիլ Քուհփայե-Զադեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութը կենդանիների վրա փորձարկումներում հաջողություն է գրանցել, և շուտով սկսվելու են մարդկանց մասնակցությամբ փորձարկումները:

Գոյություն ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակներ, որոնց մի մասն արտադրվում է մահացած վիրուսների օգտագործմամբ, իսկ մյուսները՝ ռեկոմբինանտային վիրուսների կիրառմամբ ու նոր մեթոդներով: Իրանական տարբերակը պատրաստված է մահացած կամ թուլացած վիրուսներից:

Բժշկական համալսարանի ռեկտորի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է կլինիկական փորձարկումներ անցնի: Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Ջալիլ Քուհփայե-Զադեն հույս է հայտնել, որ հաջորդ փուլը նույնպես հաջող ընթացք կունենա:

Ներկայումս կորոնավիրուսի նկատմամբ պատվաստանյութի մշակմամբ տարբեր երկրներ են զբաղվում: Դրանք գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում: Վերջին տվյալներով՝ Իրանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 398 հազարից, 343 հազարն առողջացել են, մահացության դեպքերը 22 հազարից ավելի են:

Telegram

Advertisements