Վրաստանում Covid-19-ի ռեկորդային թվով՝ 158 նոր դեպք է հաստատվել

Սա աննախադեպ մեծ թիվ է: Չկարողանալով զսպել երկրում Covid-19-ի տարածումը՝ Վրաստանը կրկին վերադառնում է կարանտինային խիստ միջոցների:

© NCDC \ Թեստավորում՝ վրանային պայմաններում, Բաթումի, Վրաստան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված նոր դեպքերի թիվը ռեկորդային է՝ 158. նման ցուցանիշն աննախադեպ է: Երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերի հաստատումից ի վեր սա ամենամեծ թիվն է: Մինչ այդ ամենամեծ ցուցանիշը սեպտեմբերի 10-ին էր գրանցվել՝ 87, ապա՝ 57, իսկ դրանից առաջ՝ 45, 44 և ավելի ցածր:

© Worldometers \ Վարակվածության հաստատված դեպքերը Վրաստանում

158 նոր վարակակիրներից 87-ը Աջարիայում են, 28-ը՝ Սամեգրելոյում, 19-ը՝ Իմերեթիում, 6-ը՝ Գուրիայում, 18-ը՝ Թբիլիսիում: Համավարակի օջախը Վրաստանում ներկայումս Բաթումի քաղաքն է:

Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով մի շարք խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութայիսի, Զուգդիդի, Ռուսթավի, Փոթի, Գորի) ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգվել է. սեպտեմբերի 15-ի փոխարեն դասերն այդ քաղաքներում կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին:

Մեկ օրում ապաքինվածների թիվը, ընդհակառակը, շատ քիչ է՝ 9: Առողջացածների ընդհանուր թիվը 1363 է: Վրաստանում մինչ օրս լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2075 դեպք, մահացել է 19 մարդ:

© REGST \ Վարակվածության հաստատված դեպքերի գծապատկեր. վերջին օրերի կտրուկ աճն ակնհայտ է

Ներկայումս երկրում մեկուսացման ռեժիմում են 5882 քաղաքացիներ, բժիշկների հսկողության ներքո՝ 390-ը:

Սեպտեմբերի 11-ի դրությամբ Վրաստանում ՊՇՌ թեստավորում է անցել 448,7 հազար մարդ:

Telegram

Advertisements