Վրաստանը վերականգնում է իր ՀՕՊ համակարգերը՝ ռուսական ավիացիային դիմակայելու համար

2008թ. պատերազմի ժամանակ ռուսական զորքերը ոչնչացրել էին Վրաստանի «Օսա»-ներից 5-ը, գրեթե բոլոր «Բուկ»-երը և մի շարք զենիթային զինատեսակներ: Այժմ Թբիլիսին համաձայնագիր է ստորագրել իսրայելական Rafael ընկերության հետ` հակաօդային պաշտպանության համակարգերը կատարելագործելու վերաբերյալ:

Նկար՝ © EDR \ Iron Dome launcher

Սեպտեմբերի 11-ին Թբիլիսին համաձայնագիր է ստորագրել իսրայելական «Ռաֆայել» (Rafael Advanced Defense Systems) ընկերության հետ: Համաձայնագիրը Վրաստանին անհրաժեշտ է սեփական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը կատարելագործելու համար:

Վրաստանի պաշտպանության նախարարի գրառումը համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Հաղորդվում է, որ վրացական ՀՕՊ համակարգերը կարող են ռազմական բախման դեպքում դիմակայել ռուսական ավիացիային: Համաձայնագրի արժեքը և կատարելագործվելիք զինատեսակները չեն նշվում:

Փորձագետ Դևիդ Էքսի կարծիքով՝ 2008թ. օգոստոսին Վրաստանի և Հարավային Օսեթիայի միջև պատերազմի սկզբում Վրաստանն ունեցել է միջին հեռահարությամբ ԶՀՀ Ս-125Մ և «Բուկ-Մ1» համակարգեր, փոքր հեռահարությամբ «Օսա-ԱԿ» և «Ստրելա» տեղափոխվող զենիթահրթիռային համալիր (ՏԶՀՀ), որոնք ոչնչացվել են ռուսական ինքնաթիռների կողմից:

5-օրյա պատերազմի ավարտին ռուսական զորքերը, փորձագետի գնահատմամբ, ոչնչացրել են վրացական խոշոր ռադիոտեղորոշման կայանքները (ՌՏԿ, «Օսա»-ներից 5-ը), գրեթե բոլոր «Բուկ»-երը և մի շարք զենիթային զինատեսակներ:

Ի վերջո վրաց իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել սեփական ՀՕՊ համակարգերը, համալիրներ են գնել Իսրայելից, Ֆրանսիայից: Ուկրաինայից Վրաստանը գնել է մեծ հեռահարությամբ ՌՏԿ-ներ, իսկ ԱՄՆ-ն ֆինանսական անհրաժեշտ աջակցությունն է տրամադրել (ֆինանսական աջակցություն տրամադրվել է նաև Թուրքիայից՝ մասնավորապես՝ զորամասերի ու ռազմական օդանավակայանների արդիականացման համար. խմբ.):

Էքսի խոսքով՝ եթե Թբիլիսին և Մոսկվան կրկին ռազմական ընդհարման անցնեն, ապա Ռուսաստանի զորքերն ու Վրաստանի ՀՕՊ ստորաբաժանումներն ավելի պատրաստված կլինեն օդային տիրույթում ռազմական գործողությունների համար:

Telegram

Advertisements