Ռուսաստանի ու Չինաստանի հետաքրքրությունները Տաջիկստանում

Վերջին 2 տարում Տաջիկստանում կտրուկ աճել է ռուս և չինացի զինվորականների թիվը: Առաջին պատճառն ազգային զինված ուժերի թուլությունն է, մյուսը՝ Աֆղանստանը:

Նկար՝ © The Guardian \ Տաջիկ և չինացի զինվորականներ

Աֆղանստանում լարվածության աճին զուգահեռ մեծանում է նաև անհանգստությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նկատմամբ, որտեղ հետխորհրդային երկրները դեռևս չեն ստեղծել ուժային ամուր կառույցներ: Տաջիկստանն առավել խոցելի է. ամենալարված սահմանն ունի անկայուն հարևանի հետ, որտեղ չեն դադարում մարտերը տարբեր խմբավորումների միջև:

Վերջին երկու տարում Տաջիկստանի Հանրապետությունում կտրուկ աճել է ռուս և չինացի զինվորականների թիվը: Դրա առաջին պատճառն ազգային զինված ուժերի թուլությունն է: Բյուջեի դեֆիցիտը թույլ չի տալիս բանակին ինքնուրույնաբար գնել ժամանակակից սպառազինություն և հարկադրում է բավարարվել խորհրդային պահեստներով կամ գործընկերների նվիրատվություններով:

ՀԱՊԿ դաշնակիցներ

Ռուսաստանը վերջին տարիներին մեծ քանակությամբ ռազմատեխնիկա է մատակարարել Տաջիկստան՝ 300 միավոր զրահապատ տեխնիկա, հրետանի, ուղղաթիռներ և այլն: 9 մլն դոլարի չափով ՀՕՊ համակարգեր են տրամադրվել: Այս տարի նախատեսված մատակարարման մի մասը՝ 122 մլն դոլար ծավալով, արդեն իրականացվել է: Վճարունակության խնդիր ունեցող Տաջիկստանին այն անվարձահատույց է տրամադրվել:

Տաջիկստանում շարունակվում է ռուսական 201-րդ ռազմաբազային գործունեությունն ու ընդլայնումը: Այստեղ մշտական ծառայություն են անցնում մոտ 7 հազար ռուս զինծառայողներ: Սա Ռուսաստանի սահմաններից դուրս ամենախոշոր ցամաքային զինված ստորաբաժանումն է: Վերջին 2 տարիներին ռազմաբազան հզորացվել է ՀՕՊ նորագույն համակարգերով, անօդաչու և այլ ռազմատեխնիկայով: Կառուցվում են նոր ենթակառուցվածքներ՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ անձնակազմ ու տեխնիկա ընդունելու համար:

Ամռանը ռուսական ռազմաբազայում մեկնարկել է տաջիկական բանակի կրտսեր սպայական անձնակազմի պատրաստումը: 500 զինծառայողներ 14 մասնագիտացումներով եռամսյա դասընթացներ են անցնելու:

Բացի այդ՝ Տաջիկստանի տարածքում պարբերաբար ընթանում են ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի «Մարտական եղբայրություն» զորաշարժեր:

Չինական «վիշապի» թիկունքը

Հարևան Չինաստանը, մեծացնելով իր տնտեսական ազդեցությունը Տաջիկստանում, սկսել է ամրապնդել նաև ռազմական ներկայությունը: Պեկինը և Դուշանբեն միմյանց հետ փոխգործակցում են ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:

Չինացիներն առաջին հերթին հետաքրքրված են աֆղանատաջիկական սահմանի պաշտպանությամբ, որտեղից ահաբեկիչներն ու վարձկանները կարող են մուտք գործել անհանգիստ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան: Այնտեղից հնարավոր է վերահսկողություն ապահովել Վախանի միջանցքի նկատմամբ. սա միակ ճանապարհն է, որն Աֆղանստանից անցնում է դեպի Չինաստան:

Այդ պատճառով Պեկինը շահագրգռված է Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար շրջանի պաշտպանունակության ամրապնդմամբ, որը սահմանակից է Աֆղանստանի ու Չինաստանի հետ: Վերջինս աջակցում է աֆղանատաջիկական սահմանի ենթակառուցվածքների ամրապնդման հարցում՝ ֆինանսավորելով սահմանային դիրքերի կառուցումը: Դիրքերի քանակի մասին հստակ տվյալներ չկան, սակայն որոշ աղբյուրներ նշում են 10 ավելիի մասին: Այդ դիրքերում հաճախ են նկատվում չինական զինվորական համազգեստով մարդիկ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած ամենամյա զեկույցում Պենտագոնը կասկած է հայտնել Տաջիկստանում չինական ռազմաբազային առկայության մասին, սակայն պաշտոնական Դուշանբեն հերքել է այդ տեղեկությունը:

Միևնույն ժամանակ՝ Չինաստանը հովանավորել է Տաջիկստանի մայրաքաղաքում Ահաբեկչության, ծայրահեղականության ու անջատողականության դեմ պայքարի կենտրոնի կառուցումը: 2016թ. 19 մլն դոլար է հատկացրել Սպայի տան կառուցման համար: Սա ընդամենը տեսանելի հատվածն է, որի մասին կողմերը բաց հայտարարել են:

Անցկացվել են նաև համատեղ զորավարժություններ՝ 2016 և 2019 թվականներին՝ Լեռնային Բադախշանում:

Սպառնալիք հարավից

Ռուսաստանի ու Չինաստանի նմանատիպ ռազմական ակտիվությունը կենտրոնաասիական փոքր հանրապետությունում պայմանավորված է Աֆղանստանի տարածքից աճող սպառնալիքով: Աֆղանստանի պաշտոնական կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի կեսից էլ քիչը և չի կարող խաղաղ համաձայնության հասնել «Թալիբանի» հետ: ԱՄՆ-ը նվազեցնում է իր ռազմական ներկայությունը, իսկ միջազգային ահաբեկչական խմբավորումներն իրենց այդ երկրում շատ հարմար են զգում:

«Թալիբանը» վաղուց իր հսկողության տակ է վերցրել երկրի հարավի մեծ մասը, իսկ ներկայումս իրեն զգացնել է տալիս նաև հյուսիսում: Այս խմբավորման զինյալները բազմիցս փորձել են գրավել Քունդուզ քաղաքը (Տաջիկստանին սահմանակից շրջանում):

Ռուս զինվորականները բազմիցս նախազգուշացրել են Աֆղանստանի հյուսիսում ահաբեկիչների (այդ թվում՝ «Իսլամական պետության», որի մերձավորարևելյան պարտությունից հետո Աֆղանստանին մեծ ուշադրություն է դարձվում` այստեղ հավաքագրումներ կատարվում) պատրաստման բազաների մասին: Աֆղանստանում ԻՊ ահաբեկիչների թիվն արդեն հազարների է հասնում, իսկ ամբողջ երկրում տարբեր խմբավորումների զինյալները տասնյակ հազարների են հասնում:

Աֆղանատաջիկական սահմանով կատարվում է նաև թմրանյութի տեղափոխում, ինչը նույնպես մեծ ուշադրություն է պահանջում սահմանապահներից:

Այսպես՝ ռուս և չինացի զինվորականները համագործակցելու առիթներ այստեղ ունեն և առանց մեծ աղմուկի դա իրականացնում են: Համենայն դեպս՝ Ռուսաստանը հանդուրժողական մոտեցում ունի չինացի զինվորականների կողմից տաջիկական գործընկերներին տրամադրվող աջակցության նկատմամբ: Պեկինն իր հերթին փորձում է չչարաշահել այդ հարցում՝ Մոսկվայի հետ անհարկի հակամարտություն չառաջացնելու համար:

Մասնագետները նշում են, որ Տաջիկստանը երկու երկրների համար տնտեսական ու քաղաքական առումներով կարևոր է, սակայն Չինաստանի համար ՌԴ-ն ավելի կարևոր է, քան՝ Տաջիկստանը:

Հավելյալ վտանգներ են հնդկաչինական և հնդկապակիստանյան հարաբերությունների լարվածությունը. թեժացման պարագայում միլիոնավոր փախստականներ կշարժվեն դեպի հյուսիս, որտեղ կրկին ճանապարհին Տաջիկստանն է:

Telegram

Advertisements