Անհանգստացնող լուրեր՝ Վրաստանի ազգային արժույթի ու տնտեսության վերաբերյալ

Վրացական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է անկում է գրանցել: Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթներին իրավիճակն ավելի կվատանա:

© Նիկոլայ Լևշից \ Վրաստանը՝ տնտեսական խնդիրների առաջ

Վրացական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ վերջին շաբաթվա ընթացքում 3,1% անկում է գրանցել: Ներկայումս 1 դոլարն արժե 3,214 լարի: Սա մոտ է տարեկան հակառեկորդին, երբ այն հավասարվում է 3,28-ի: Տնտեսագետները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին պետք է սպասել իրավիճակի նոր վատթարացման, ինչը կապված է տնտեսական անկայունության, հակահամաճարակային իրավիճակի վատթարացման ու հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Պատճառները հաստատել է նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավան:

Միջազգային վարկանիշային Fitch գործակալության կանխատեսմամբ՝ Վրաստանի պետական պարտքը 2020թ. ավելանալու է 39,8%-58,5%-ով: Ընդ որում՝ արտասահմանյան արժույթը պետական պարտքում 77,7% է, ինչն արտարժութային մեծ վտանգներ է պարունակում:

Սեպտեմբերի սկզբից Վրաստանում վարակվածության նոր դեպքերի թվի զգալի՝ ռեկորդային աճ է գրանցվում:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հայտարարել է, որ, ամեն դեպքում, խիստ սահմանափակումներ չեն գործադրվելու, բիզնեսը չի փակվելու, աջակցելու են տնտեսությանը: Նրա խոսքով՝ աստիճանաբար բացվելու են սահմանները: Թուրնավան հույս է հայտնել, որ ձեռնարկվելիք միջոցառումները կկայունացնեն լարիի փոխարժեքը:

Նատիյա Թուրնավան նշել է, որ զբոսաշրջությունն ինչ-որ պահի ընդհանրապես դադարել է: Ներկայումս հետզհետե վերականգնվում են թռիչքները և միջազգային այցերը: Զբոսաշրջությունը, նրա խոսքով, մեծ դերակատարում ունի արտարժույթի մուտքի հարցում: Նույնը տեղի է ունեցել նաև առևտրի հետ: Վրացական ապրանքների արտահանումը, նախարարի խոսքով, աստիճանաբար աճում է:

Արտաքին առևտուրը 2020թ. հունվար-հուլիս ամիսներին նվազել է 17,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով շուրջ 6 մլրդ դոլար:

Զբոսաշրջության ոլորտի եկամուտները նույն ամիսներին կազմել են 468,6 մլն դոլար՝ գրեթե 4 անգամ ավելի քիչ, քան նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին: Արժութային հոսքերն այս ոլորտում հասել են նվազագույնի՝ ապրիլից սկսած ամենամսյա անկումը կազմել է 96%:

Խորհրդարանում զեկույցի ժամանակ Նատիյա Թուրնավան պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է տնտեսական բլոկի ոչ կոմպետենտության ու ֆինանսական անհեռատես քաղաքականության մեջ՝ համարելով, որ իշխանությունները տապալել են անհրաժեշտ միջոցառումները:

Telegram