Ադրբեջանական (թուրք-ահաբեկչական) հարձակումը. 29.09

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Անօդաչուի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

23:24 Ամփոփում

Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։

Վարդենիսում ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։

Առավոտյան տեղեկացանք մեր կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին։

Արցախում վերականգնվել է բջջային և համացանցային կապի մեծ մասը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։

Ադրբեջանը թիրախավորել է բնակելի տներ Իվանյանում (նախկ․՝ Խոջալու)։

Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ․ «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։ Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպման ընթացքում նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Օրվա հաղթական սիմվոլիկայից՝ նախագահ Ա․ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հիմնադրման ակունքներում կանգնած գործող և պաշտոնաթող հրամանատարների հետ։

11:00

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Անօդաչուի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

10:25

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հայկական զինուժի կողմից ադրբեջանական ևս մեկ անօդաչու խոցելու մասին:

9:40

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

9:30

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

8:20

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ:

Telegram