Իրանի տարածքում կրկին ականանետային արկ է ընկել

Թվով արդեն 4-րդ արկն ընկել է Խոդաֆարինի շրջանի Մոհամադ Սալեխլո բնակավայրի տարածքում՝ բնակելի տներից որոշակի հեռավորության վրա:

Իրանական Mehr News լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արկն ընկել է Խոդա Աֆարինի շրջանի Մոհամադ Սալեխլո բնակավայրի տարածքում՝ բնակելի տներից որոշակի հեռավորության վրա: Նշվում է, որ արկը մարդկային և նյութական վնասներ չի պատճառել, սակայն իրանական կողմը նմանատիպ միջադեպերի կապակցությամբ անհանգստություն է հայտնել:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին առնվազն ականանետային 3 արկ է ընկել Իրանի տարածքում, իրանական ՀՕՊ համակարգերի կողմից ադրբեջանական 2 անօդաչու է խոցվել: Տեղեկություններ կան նաև, որ ԻԻՀ-ն զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին՝ հնարավոր սպառնալիքի դեպքում արձագանքելու նպատակով:

Հավելենք նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկոյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի հասցեատերերից մեկն Իրանն է՝ նկատի ունենալով հավանաբար ահաբեկչական խմբավորումների կուտակման արդյունքում հետագայում Իրանին սպառնալիք հնարավոր վտանգը:

Telegram