Արցախը շարունակում է դիմակայել թուրք-ադրբեջանական հարձակմանը. 30.09

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերը Ստեփանակերտի երկնքում հակառակորդի 2 ԱԹՍ է խոցվել։

13:52

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ սյսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն ավելանում են:

13:35

Մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ. Շուշան Ստեփանյան:

10:36

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. Արծրուն Հովհաննիսյան:

10:30

Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները. Արծրուն Հովհաննիսյան:

10:28

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, ապա չի բացառվում, որ Արցախի զինված ուժերն ընդարձակեն անվտանգության գոտին. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

10:04

Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը:
Այդ հաղթանակի ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշեռքի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»:

9:45

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

8:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։ Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է ընթանում:

Telegram