ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի դեմ ահաբեկիչների և վարձկանների կիրառության մասին

Նշվում է, որ հակամարտությունում ահաբեկիչների ներգրավումը ոչ միայն մեծ լարվածություն, այլև տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության երկարաժամկետ սպառնալիքներ է ստեղծում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և տպագրության վարչությունը մեկնաբանություն է հրապարակել օտարերկրացի վարձկաններին Արցախյան հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ:

Հայտարարությունում նշվում է, որ, ըստ ստացվող տեղեկությունների, ռազմական գործողություններին մասնակցելու համար Արցախյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկչական խմբավորումների զինյալներ, հիմնականում՝ Սիրիայից, Լիբիայից:

ՌԴ ԱԳՆ Վարչությունը խորն անհանգստություն է հայտնել՝ ընդգծելով, որ այդ գործընթացը հակամարտության գոտում ոչ միայն մեծ լարվածություն է առաջացնում, այլև տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության երկարաժամկետ սպառնալիքներ է ստեղծում:

Շահագրգիռ պետությունների ղեկավարներին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու օտարերկրացի ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ:

Telegram