Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։
Նկար՝ © Արցախի ՊԲ \ Զորավարժություն
15:35
Շուշան Ստեփանյան. ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է՝ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով:
15:00
ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի. ՀՀ ՊՆ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ:
Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է:
14:30
Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:
13:55
Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ Ստեփանակերտը հրետակոծվել է. կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։
12:58
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։
Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր. Շուշան Ստեփանյան:
12:02
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը կասետային ռումբեր է օգտագործում (միջազգայնորեն արգելված զինատեսակ, զանգվածային ոչնչացման. խմբ.): ՊՆ ներկայացուցիչը կասետայինի բաղադրիչների լուսանկարներն է հրապարակել:
11:55
Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ Արծրուն Հովհաննիսյան:
10:09
Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ հայկական ուժերի կողմից խոցված, ադրբեջանական կողմից կռվող զինվորի մոտ հայտնաբերված ռադիոկայանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ կառավարումն իրականացվում է ԱՐԱԲԵՐԵՆ լեզվով:
9:50
Շուշան Ստեփանյանը ռազմաճակատի տրամադրությունը ցուցադրող տեսանյութ է հրապարակել.
9:00
Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։
Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։