ԹԱՐՄԱՑՎՈՂ. 05.10.2020. Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար կռվել

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հակառակորդը նախապատրաստվում է հարձակողական գործողություններ իրականացնել:

17:38

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հաղորդում է, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Վահրամ Պողոսյանը նշել է, որ երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Պողոսյանն ընդգծել է, որ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ «Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. «Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։

10:53

Արցախը թիրախավորում է ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ է արվում անհապաղ լքել իրենց բնակավայրերը:

«Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից». Վահրամ Պողոսյան:

10:44

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։

10:20

Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. Շուշան Ստեփանյան:

9:39

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հակառակորդը նախապատրաստվում է հարձակողական գործողություններ իրականացնել:

«ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»:

8:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: