REGST.net-ի հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչը պատմել է պատերազմին կին զինծառայողների մասնակցության ու նրանց հերոսությունների մասին:
Նկար՝ © AnnaHakobyan \ Կանայք ռազմաճակատում հերոսություններ են գործում
REGST.net — Ինչպե՞ս են ռազմաճակատում իրենց զգում կին զինծառայողները: Ե՞րբ կպատմեք նրանց հերոսությունների մասին:
Արծրուն Հովհաննիսյան — Շատ հետաքրքիր ու կարևոր հարց էր: Ես այսօր աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը (տեսակը չեմ ասի): Իրենց ուղղակի հիանալի են դրսևորում. կարելի է ասել՝ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ անգամ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից:
Նախորդ օրերին տեսել ենք դիպուկահար կանանց, դրանից առաջ տեսել ենք հրետանավոր կնոջ, չեմ տեսել, բայց շատ եմ լսել վաշտի հրամանատար աղջկա մասին: Ինչպես և ներկայացրեցի, մեր այսպիսի աղջիկները, կանայք, քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են:
Նախորդ օրը ծանոթացել ենք մի աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել էր մոր խնամքին և եկել էր պատերազմ. պրոֆեսիոնալ զինվորական: