Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան:
Նկար՝ © IAI \ Իսրայելական Harop ԱԹՍ-ի արձակումը
23:25
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է. Վահրամ Պողոսյան: Արցախի մյուս քաղաքները նույնպես զանգվածային հրթիռակոծության են ենթարկվում:
23:20
Հաղորդվում է, որ Ստեփանակերտում կրկին օդային տագնապ է. մի քանի պայթյուն է հնչել:
22:59
ՀՐԱՏԱՊ. URGENT!
Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:
Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան:
22:35
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել.
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողությունները ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:
Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։
Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»։
21:15
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»:
17:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը.
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»։
14:54
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով. Արցախի ՊԲ:
13:00
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է:
12:10
ՊՆ մամուլի քարտուղարը նշում է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» (Ֆիզուլի, Հադրութ, խմբ.) կոչվող տեղամասի ուղղությամբ։ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
12:00
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման. Արծրուն Հովհաննիսյան:
10:46
Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան. Արցախի ՄԻՊ:
10:10
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան. Շուշան Ստեփանյան:
10:00
Շուշան Ստեփանյանը հայտնում է. Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։
9:00
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունը.
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
