Օր 16. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Հակառակորդն ունի մարդուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ

Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ ծանր մարտերը շարունակվում են հիմնականում հարավում՝ Հադրութի ուղղությամբ:

Նկար՝ © ՀՀ ՊՆ \ Պահեստազորայինները պատրաստություն են անցնում

22:05

Կարևոր արձանագրումներ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

— Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունն Ադրբեջանը չի կատարել:

— Դիվերսիոն-հետախուզական գործողությունները Հադրութի ուղղությամբ կասեցվել են. քաղաքը գտնվում է մեր վերահսկողության տակ:

— Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ. նրանք գյուղի մատույցներում են, բայց ոչ՝ գյուղում:

21:00

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին:

20:46

Կրկին օդային տագնապ և պայթյուններ՝ Ստեփանակերտում:

19:05

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ծանր մարտերը շարունակվում են հատկապես հարավում՝ Հադրութի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական ուժերի հարձակումներին, Արցախի ՊԲ-ն համարժեք պատասխան է տալիս թշնամուն:

16:10

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։

13:45

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:

11:34

Արցախի նախագահի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում:

11:20

Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:

11:00

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

9:00

ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

8:30

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:

Telegram