Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները:
Նկար՝ © ՀՀ ՊՆ \ Հրետանավոր
20:40
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող քաղաքացիներով. այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:
15:29
Արցախի ՊԲ հայտարարությունը.
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքիբազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարումով։
Միաժամանակ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին:
Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:
13:00
Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է ժողովրդին.
Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:
Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:
Ի գործ…
11:55
Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար:
10:23
Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները. Արծրուն Հովհաննիսյան:
9:20
Շուշան Ստեփանյան. «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»։
9:04
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: