Գազպրոմի «Թուրքական հոսքի» մրցակիցը՝ ադրբեջանական TAP-ը, սկսում է գործել

Նոյեմբերի կեսերից ադրբեջանական գազը կմատակարարվի Հարավային Եվրոպա՝ լուրջ մրցակից հանդիսանալով հատկապես ռուսական գազային ընկերության համար:

Նկար՝ © Mahir Cavadov \ Գազատար

Տրանսադրիատիկ գազատարը (TAP), որը Ադրբեջանից հոսող «Հարավային գազային միջանցքի» եվրոպական հատվածն է, լցվել է գազով:

TAP-ը սկիզբ է առնում Թուրքիա-Հունաստան սահմանից և ձգվում մինչև Իտալիայի հարավը: Գազատարի կառուցումը տևել է շուրջ 4,5 տարի: Հաղորդվում է, որ մինչև նոյեմբերի կեսերը գազատարը կմիացվի Իտալիայի գազատար համակարգին և պատրաստ կլինի մատակարարմանը:

878 կմ ձգվող հատվածով տարեկան 10 մլրդ խմ գազ է առաքվելու դեպի Հունաստան, Իտալիա և Բուլղարիա: TAP-ը դառնալու է Ադրբեջանից դուրս եկող «Հարավային գազային միջանցքի» մի մասը, որով արդեն գազ է մատակարարվում դեպի Թուրքիա:

© TAP \ Ադրբեջանական գազատարը

Հաղորդվում է, որ Եվրամիությունը նախատեսել է 2050թ.-ից անցնել մաքուր էներգիային, և «Հարավային գազային միջանցքը» կարող է դեպի Եվրոպա մատակարարման գազային վերջին մեգանախագիծը լինել: Նախնական հաշվարկներով՝ այն չի փոխի եվրոպական շուկան, սակայն կարող է անցանկալի անակնկալ հանդիսանալ Հարավային Եվրոպայի մյուս մատակարարների համար: Հավելենք, որ այստեղ TAP-ի ադրբեջանական գազի հիմնական մրցակիցը Գազպրոմի «Թուրքական հոսքն է», որն Իտալիայում հիմնական մատակարարն է:

Telegram

Advertisements