Օր 18. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Հրթիռահրետանային հրետակոծությունները վերսկսվել են

Հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, հատկապես ինտենսիվ կրակ է վարում հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

Նկար՝ © ՀՀ ՊՆ

21:51

Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում. Արծրուն Հովհաննիսյան:

19:35

Արցախի ՊԲ-ն հարավ-արևելյան ուղղությամբ թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացման տեսանյութ է հրապարակել:

15:42

Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին, մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում:
1992 թ աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք»։

14:55

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը: Հայտարարությունն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը:

14:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ուղիղ:

12:48

Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ հատուկ տեսաուղերձով դիմել է համայն հայությանը. Արայիկ Հարությունյանը բոլորին կոչ է արել ֆիզիկական մասնակցություն ցուցաբերել հայրենիքի համար մղվող պայքարին:

12:40

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:

10:41

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ. Շուշան Ստեփանյան:

10:30

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությունը.

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

9:25

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:

Telegram

Advertisements