Օր 19. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախն ընդդեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի

Հակառակորդը հրետանային ակտիվ կրակը վերսկսել է հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով: Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Նկար՝ © Արցախի ՊԲ / Հրետանավորները՝ պատերազմի դաշտում

19:56

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Ադրբեջանի զինուժը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը: Նախնական տվյալներով՝ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։

17:00

Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան. Արցախի ԱԻՊԾ:

15:00

Հարավում ծանր ու համառ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան:

14:40

Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը ՊԲ հրետանու դիպուկ կրակով.

11:35

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

11:09

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում։

10:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

10:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:

8:50

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Telegram

Advertisements