Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ առավել ինտենսիվ հարվածելով Ստեփանակերտի և Շուշիին:
© Արցախի ՊԲ \ Հայրենիքի պաշտպանները
23:56
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան. «Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»:
22:21
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
19:10
Արցախի նախագահ. «Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»:
18:15
Այսօր ժամը 16:30-17:45-ի հատվածում ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ևս մեկը ոչնչացվել է Արցախի երկնքում. Շուշան Ստեփանյան:
12:30
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է. Շուշան Ստեփանյան:
10:15
Գիշերային հրթիռակոծության հետևանքները. Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։
9:00
ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: