Օր 27. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային մարտեր են ընթանում

ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

23:12

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։

21:33

Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի հրթիռակոծության համար Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարված է հասցնելու: «Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»:

21:01

Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. տեղեկություններ են ստացվում թվով 10 պայթյունների մասին:

20:49

Շուշան Ստեփանյանը հայտնում է. Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Լուսանկարներից երում է, որ խոցված ԱԹՍ-ն իսրայելաադրբեջանական Azad Systems ընկերության արտադրանքն է:

20:27

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որն այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից. Շուշան Ստեփանյան:

18:08

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

16:18

Արծրուն Հովհաննիսյան. «Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Չէ, պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»։

16:17

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Ամբողջական տեքստը՝ այստեղ:

13:30

Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերը հետ են շպրտվում ելման բնագծեր։

9:45

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Հաղորդվում է, որ լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են սմերչ տեսակի հրթիռներ։

9:20

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

4:20

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Telegram