Օր 28. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախի ՊԲ-ն շարունակում է թշնամուն հետ շպրտել

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

22:10

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոստացած քարտեզը՝ ռազմաճակատի իրական պատկերը. ինչպես երևում է՝ հակառակորդի վերահսկողության ներքո են հարավային հատվածը՝ Արաքսի հովիտը՝ Կովսական-Հադրութ գծով, և հյուսիս-արևելյան հատվածը՝ Թալիշը: ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ցուցադրվող պատկերը կայուն վիճակ չէ. բնագիծն անընդհատ փոփոխվում է:

© ՀՄՏԿ

20:16

Արցախի Պաշտպանության բանակը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուի լուսանկարներն է ցուցադրել:

© Արցախի ՊԲ

19:40

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

18:35

Օրվա ընթացքում Մարտունի քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է. ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է. Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ:

18:20

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությունը. «…Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի՝ այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:

16:33

Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ, ըստ ստացվող տեղեկությունների, ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Մատաղիսի ուղղությամբ, օրինակ, այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ՝ հայկական համազգեստով, և հետ շպրտվել:

«Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել:

Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Արտակ Բեգլարյանը համոզված է, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»:

16:08

Հայկական զինուժի ռազմական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը կատարյալ կեղծիք է. Շուշան Ստեփանյան:

15:00

Պաշտպանության բանակի զինծառայողներն ադրբեջանական ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ են խոցել:

11:00

Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել. «Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը»:

10:01

Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին: Նրա խոսքով՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:

9:34

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հաղորդվում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Telegram