Օր 29. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան շարունակվում է

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերումն ու ոչնչացումը շարունակվում է:

23:52

ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:

21:30

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ «Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան. Արցախի ԱԻՊԾ:

20:45

Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը՝ կիրառության մեջ. Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել:

20:40

Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արցախի ԱԻՊԾ:

19:00

Սենոր Հասրաթյան. «… Հայ զինվորը, օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչը զգացվում է ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով»:

Գրառումն ամբողջությամբ.
«Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում: Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»:

18:22

Այս պահին ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում, և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել. Վահրամ Պողոսյան:

18:21

Շուշան Ստեփանյանը այսօր խոցված հերթական ԱԹՍ-ի լուսանկարներն է հրապարակել:

18:12

Արծրուն Հովհաննիսյան. «Ըստ հետախուզական տվյալների՝ ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում»։

17:39

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված, տեղում քննարկել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և նրան անդառնալի կորուստներ հասցնեն:

10:07

Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:

ՊԲ հաղորդմամբ՝ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

9:30

Արցածի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը հրետանի է կիրառել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Նշվում է, որ նշանառության տակ են վերցրել նաև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան:

Telegram