Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը:
21:36
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով. «…Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի…»: Հայտարարությունն ամբողջությամբ.
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:
Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:
Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից»:
19:48
Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ կեսօրին թշնամին հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին ադրբեջանական զինուժը ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ:
19:08
Արցախի ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» ՀԿՌԿ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Երեք կին վիրավորվել է, ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների:
18:24
«Սուտ և կեղտոտ սադրանք». «Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն Բարդա շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:
17:20
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան ահաբեկիչներին. նոր տեսանյութ է հրապարակվել:
11:45
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Շուշան Ստեփանյան:
11:12
Շուշան Ստեփանյան. Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
11:00
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ.
9:35
Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ստանալով գեներալ-լեյտենանտի կոչում: Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պայմանավորված է օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով:

9:23
Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: