Օր 35. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախը շարունակում է հակաահաբեկչական պայքարը

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. այս անգամ կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը:

21:42

Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն. ՊԲ:

21:10

«Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը». Արծրուն Հովհաննիսյան:

20:31

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:

© ՀՀ ՊՆ \ Ֆոսֆորային զենք

15:13

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին են հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

14:26

Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար. Շուշան Ստեփանյան:

12:16

Պաշտպանության բանակն Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման նոր տեսանյութ է հրապարակել:

© Արցախի ՊԲ \ Ֆոսֆորային զինատեսակի կիրառում Արցախում

Նշվում է, որ նման զենքերի օգտագործումը պատճառ է դառնում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում է պատերազմական հանցագործություն:

10:38

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ թշնամին, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

9:41

Արցախի ԱԻՊԾ հաղորդում է, որ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառվել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

9:32

Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով, 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում:

Թշնամին շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Նշվում է, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Միացեք մեր Telegram ալիքին