Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:
23:41
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ:
23:20
Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ:
18:40
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՊԲ:
18:20
Վահրամ Պողոսյանը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:
15:32
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն. ՊԲ:
14:40
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին:
Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: «Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»:
12:20
Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում վերջին ժամերին մի քանի անգամ միացել է օդային տագնապ ազդանշանը՝ 09։48 (հնչել է 1 պայթյուն), 10:31 (2 պայթյուն): Ժամը 11:35-ի մոտակայքում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը և մայրաքաղաքում լսվել է 3 պայթյուն։
12:13
Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան. Արցախի ԱԻՊԾ:
10:30
Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ:
Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:
10:02
Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։
Հաղորդվում է, որ գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։