Օր 37. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախի ՊԲ-ն ու կամավորները շարունակում են սխրանքներ գործել

Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին:

19:40

Շուշան Ստեփանյան. Այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

14:44

Արցախի ԱԻՊԾ. «Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում անհանգիստ է: Գրադ և Սմերչ կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»:

14:35

Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում:

Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:

Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Նշվում է, որ ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

12:50

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Հարությունյանի խոսքով՝ հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: «Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել». նշել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի Նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Շահեն Մեղրյանի անվան, շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:

11:35

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական ԱԹՍ-ն.

© Արցախի ՊԲ \ ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում

10:37

Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

Միացեք մեր Telegram ալիքին