Արցախաադրբեջանական պատերազմի էներգետիկ հետևանքներն Իրանի համար

«Հայաստանը կկարողանա Իրանին տրամադրել «ելք դեպի աշխարհ» իր տարածքի միջոցով». Արման Գյուլգազյանի և Տարոն Պիպոյանի հետազոտությունը (ՄԱՀՀԻ):

Նկար՝ © AP Photo/Vahid Salemi \ Բուշեհր

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց իր լայնածավալ և մասշտաբային պատերազմն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դե ֆակտո Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով այն գրավել և վերջ դնել մոտ երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը։ Արդյունքում, ավելի քան մեկ ամիս է, ինչ Հարավային Կովկասը գտնվում է անկայունության և անորոշության մեջ:

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն Արցախի շուրջ վերսկսված մարտերի հակամարտող կողմերն են: Մինչդեռ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին, որը նպատակ ունի խթանել Էրդողանի նեոօսմանյան նկրտումները տարածաշրջանում, որոշ չափով անտեսվում է:

Արցախյան հակամարտության բռնկումից առաջ Էրդողանը հայտարարել էր Կովկասում իր նախնիների «առաքելությունն» իրականացնելու ցանկության մասին ՝ շեշտադրելով տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն ընդլայնելու իր մտադրությունը:[1] Իր հերթին, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը պնդում է, որ Հայաստանի գրեթե ողջ տարածքն ադրբեջանական «պատմական հողեր» են, որոնք փուլ առ փուլ կվերադարձվեն:[2] Այս ամենը, «մեկ ազգ, երկու պետություն» խորագրի ներքո գտնվող թուրք-ադրբեջանական դաշինքին զուգահեռ, հստակ ցույց է տալիս, որ ներկայումս Արցախում ընթացող մարտերը հիմնականում այս փոքր հանրապետության համար չեն:

Արցախում ռազմական գործողությունների հանկարծակի և չափազանց արյունալի ալիքը նոր հարթություն է հաղորդել Եվրասիական էներգետիկ անվտանգության առանց այդ էլ բարդ մատրիցին: 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ռազմական գործողությունները դեռևս թողնում են կարգավորման հնարավոր ուղիների մի ամբողջ սպեկտր, միայն մեկ բան մնում է անփոփոխ՝ հակամարտության յուրաքանչյուր նոր փուլ պահպանում է բոլոր հին խնդիրները և ստեղծում նորերը: Այս միտումը հատկապես տեսանելի է էներգետիկ ոլորտում, քանի որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի էներգետիկ անվտանգության հետևանքները փոխադարձ ցավոտ են:

Ադրբեջանը նավթի և գազի զուտ արտահանող է, ինչի հետևանքով տառապում է զանգվածային շուկայական անկումներից, որին մենք ականատես ենք լինում 2020թ. կեսից ավելիին[3], և, հետևաբար, Բաքվի բնական շահն է առավելագույն շահույթ ստանալ՝ միաժամանակ հնարավորինս բազմապատկելով արտադրանքը:

Հայաստանը նավթ կամ գազ չի արտադրում, զուտ ներկրող է և, ընդհակառակը, օգուտներ է քաղում գների անկումից համաշխարհային ցածր պահանջարկի պարագայում: Բացի այդ Հայաստանն ամենևին կախված չէ Ադրբեջանից իր էներգիայի մատակարարման հարցում: Այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել վերլուծության ընթացքում:

Այս անգամ Արցախում ռազմական գործողությունները նման չեն զուտ տեղական բախման, այն առավելապես լայնածավալ պատերազմ է: Ներկայիս պատմության հիմնական առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան դիպաշարում ի հայտ է եկել որպես լիարժեք դերակատար:[4] Վերջինս ոչ միայն սատարում է Ադրբեջանին, այլ իրականում դրդում է կոշտ գործողությունների:[5] Դա Թուրքիայի քաղաքական հավակնությունների անմիջական հետևանքն է, որն ունի մի քանի պատճառներ: Այս ամենում իրենց դերն ունեցան տնտեսական արագ աճի մի քանի ժամանակահատվածները և Նախագահ Էրդողանի անհատականությունը: Սակայն չմոռանանք էներգիայի մասին, որը Թուրքիայի ձեռքում դարձել է ԵՄ-ի վրա ճնշման ամենակարևոր գործիքը: Թուրքիան ապացուցեց, որ ժամանակակից էներգետիկայի մեջ կարևոր է ոչ միայն արտահանման ներուժը, այլ որոշ դեպքերում նաև՝ տարանցիկ երկրի կարգավիճակ ունենալը: Այս առումով պատմությունը որոշակիորեն պարադոքսալ է Ադրբեջանի հետ կապված: Թուրքիայի քաղաքական նկրտումները մեծապես «աճել» են ԵՄ-ի հարավային էներգետիկ դարպաս հանդիսացող նրա նոր դերից: Այժմ նույն հավակնությունները խթան են դարձել Արցախում հակամարտության համար, ինչը, իր հերթին, շատ լուրջ ռիսկեր է առաջացնում թուրքական էներգետիկ տարանցման համար:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԱՌԵՎՏՈւՐ

Մինչ առաջ անցնելը կարևոր է մի քանի խոսք ասել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավիճակի և տնտեսական փոխհարաբերությունների մասին: Ցավոք, հանրության համար հասանելի (վիճակագրական) տվյալները սահմանափակ են, ինչը դժվարացնում է արցախա-ադրբեջանական պատերազմի տնտեսական և առևտրային հետևանքների մանրամասն կանխատեսումը:

Ցանկացած երկու երկրների տնտեսական հարաբերությունները կարելի է բաժանել մի քանի ուղիների․ նախ դա ապրանքների և ծառայությունների (ներառյալ զբոսաշրջության) ակնհայտ առևտրային հոսքն է, այնուհետև աշխատանքային միգրացիային և փոխանցումներին զուգահեռ հոսքերը, որին հաջորդում է սահմաններից դուրս ներդրումների հոսքը, և, վերջապես, միջպետական բանկային վարկերն ու գործարքները:

Աղբյուրը՝ Armstat (2020)[6]

Իրանը Հայաստանի չորրորդ խոշորագույն ներմուծման գործընկերն է (5,6%)[7], և 2019թ․ տարեկան շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառությունը հանգեցրեց իրանական ներմուծման զգալի աճի[8]: Հայաստանից արտահանումը 2020թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է 27,88 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 56,02%: Ավելին, Իրանի հետ Հայաստանը մշտական առևտրային դեֆիցիտ ունի՝ տարեկան մոտ 90-175 մլն դոլար։ Չնայած արտադրանքի տեսակների մանրամասն բաժանումը հասանելի չէ, այդ գումարի մեծ մասը կազմված է Հայաստանի կողմից գազի գնումներից, որոնք վերածվում են էլեկտրաէներգիայի և հետ են վաճառվում Իրանին: Օրինակ, 2018թ․ Հայաստանն Իրան է արտահանել 110 մլն դոլար արժողությամբ ապրանքներ, որից գրեթե 92 մլն դոլարը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային։[9]

Անցած քառորդ դարում Հայաստանն ու Իրանը մի շարք ծրագրեր են իրականացրել այս երկու հանրապետությունները միմյանց մերձեցնելու նպատակով: Այս ծրագրերի օրինակներն են՝ Իրանը Հայաստանին կապող կամուրջը, որը կառուցվել է Արաքս գետի վրա (1996թ.), Իրան-Հայաստան 140 կմ գազատարի առաջին մասի բացումը (2007թ.), 2008թ. գազատարի երկրորդ հատվածի շինարարության ավարտը և բորսայական առևտրի սկիզբը (3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա 1 սմ գազի դիմաց)։[10] Էներգետիկ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերից մեկը Հայաստան-Իրան առաջին և երկրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերն են: Երրորդ՝ 400 կՎտ/ժ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020թ․ վերջին:[11]

Ավելին, հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր ձեռքբերումներ գրանցելու համար, ինչպես, օրինակ, իրանական գազի ծավալի ավելացումը դեպի Հայաստան[12], Հյուսիս-Հարավ էներգետիկ համակարգը (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան), Հայաստանում հողմակայանների կառուցումը (50 ՄՎտ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատումը, Պարսից Ծոց-Սև ծով ճանապարհի ստեղծումը Հայաստանի միջով և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը:

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Վերջապես, մարտերի այս փուլը կարելի է դիտարկել որպես բազմաչափ՝ տարածաշրջանային դերակատարների համար իր հետևանքների տեսանկյունից: Հետևաբար աշխատանքի այս հատվածը վերաբերում է գաղտնի էներգետիկ խնդիրներին, որոնք Իրանի համար կարող են իրական դառնալ երկու տարբեր դիպաշարի դեպքում.

  • Ի՞նչ կլինի, եթե մարտերը կրեն երկարատև բնույթ,
  • Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան և Ադրբեջանը հասնեն Արցախը գրավելու իրենց նպատակին։

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐՏԵՐԸ ԿՐԵՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲՆՈւՅԹ

Վերջին փորձի ընթացքում ԱՄՆ-ը, ինչպեսև Ռուսաստանն ու Ֆրանսիան, չկարողացան միջնորդել կայուն մարդասիրական հրադադար, քանի որ Ադրբեջանը շարունակեց հարձակումն Արցախի դեմ:

Այս հոդվածը գրելիս պատերազմն ավելի է սրվում[13], իսկ Ադրբեջանը մտադրություն չունի դադարեցնել իր ագրեսիվ պահվածքն Արցախի նկատմամբ։ Ծանր մարտեր են ընթանում Արցախի հարավային մասում, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին: Հոկտեմբերի 26-ին Հայաստանը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Արցախի հարավային ուղղությամբ`մոտենալով Սյունիքի մարզի դարպասներին:[14] Սա, ըստ էության, նշանակում է, որ էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարը, գտնվում են մարտական գործողությունների վայրին բավականին մոտ:

Չնայած կարելի էր պնդել, որ Ադրբեջանը չի համարձակվի խոցել խողովակաշարը, սակայն կարևոր է նկատել, որ Բաքուն հաճախ անպատասխանատու քայլեր է արել և նույնիսկ սպառնացել ռմբակոծել Հայաստանի (Մեծամորի) ատոմակայանը, հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների խորապատկերին:[15] Եթե պատերազմը շարունակվի անխափան, հավանական է, որ Իրանը խնդիրներ ունենա իր գազը Հայաստան արտահանելու հետ կապված, եթե Ադրբեջանի Հանրապետությունը որոշի կործանել էներգետիկ ենթակառուցվածքները:

Այս հարցն առավել սրվում է Թուրքիայի կողմից Արցախյան առաջնագծում տեղակայված սիրիացի վարձկանների ներկայությամբ:[16] Կարևոր է գիտակցել նաև, որ այդ վարձկաններն Իրանը համարում են իրենց թիվ մեկ թշնամին, ինչը նշանակում է, որ եթե Ադրբեջանը կորցնի վերահսկողությունը նրանց նկատմամբ, ապա իրանական այլ էներգետիկ օբյեկտներ ու ենթակառուցվածքներ կարող են թիրախ դառնալ նրանց համար:[17]

Ավելին, 2019թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են համագործակցել Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի արտահանման նախագծի շուրջ:[18] Հայաստանը դիտարկվել է նաև որպես իրանական գազը Եվրոպա արտահանելու կենսունակ ուղի: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ագրեսիան երկարաժամկետ խնդիրներ կառաջացնի՝ կապված տարածաշրջանային էներգետիկ ուղիների զարգացման հետ՝ բացասաբար անդրադառնալով Հայաստանի և Իրանի էներգետիկ շահերի վրա:

ԱՐՑԱԽԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈւՄ

Վատագույն դիպաշարում, եթե Թուրքիային և Ադրբեջանին հաջողվի գրավել Արցախը, ապա դա, ի վերջո, կհանգեցնի գործիքային աշխարհաքաղաքական փոփոխությունների՝ ի հաշիվ տարածաշրջանային դերակատարների, մասնավորապես Իրանի: Թուրքիան կուժեղացնի իր ներկայությունը տարածաշրջանում և Ադրբեջանի Հանրապետությունը կդարձնի Հարավային Կովկասում թուրքական ֆորպոստ: Արցախում ադրբեջանական ցանկացած հաջողություն թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերի արդյունք է, և ադրբեջանական ժողովուրդը թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում, և թե՛ Իրանում ողջունում են և քաջ տեղյակ են Թուրքիայի կողմից Ադրբեջանին անսասան աջակցության մասին:

Տարածաշրջանում Թուրքիայի գալուստը, ամենայն հավանականությամբ, կզսպի Իրանի ձգտումները՝ զարգանալու կամ մաս կազմելու տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսիք են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Անդրանատոլիական գազատարը: Պատճառը պարզ է. Թուրքիան Իրանին ընկալում է ոչ թե որպես բարեկամ երկիր, այլ որպես մրցակից:

Թուրք-իրանական մրցակցությունն ակնհայտ է Սիրիայում, Իրաքում և Եմենում:[19] Որպես այդպիսին, էրդողանական Թուրքիան կփորձի դառնալ իշխող տարածաշրջանային տերություն Իրանի հաշվին և կխստացնի իր վերահսկողությունը տարածաշրջանային էներգետիկ ռեսուրսների ու նախագծերի վրա:

Ավելին, Էրդողանի նեոօսմանյան նկրտումներն իրական վտանգ են ներկայացնում Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի նախագծի համար, որի կառուցումը կապելու է Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը[20]: Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որն այժմ գտնվում է կառուցման փուլում, թույլ կտա արտահանումն ավելացնել ժամում մինչև 1200 ՄՎտ էլեկտրաէներգիա: Վրաստանի հետ Հայաստանի սահմանին կայանի կառուցումը կսկսվի 2021թ․, և 3-4 տարի անց Հայաստանը կդառնա կապող էներգաբլոկ Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև:

Ընդհանուր առմամբ, այս 1,2 ԳՎտ հզորությամբ էներգետիկ միջանցքը փոխկապակցելու է Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը: Սա զանգվածային նախագիծ է, որը չպետք է վտանգի ենթարկվի թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական նպատակների հաշվին:

Արցախը գրավելու թուրք-ադրբեջանական նպատակը կարող է Իրանը հասցնել երկրի հյուսիսային մասում ադրբեջանական անջատողականության եզրին: Մարտերի առաջին օրերին Իրանի ադրբեջանական փոքրամասնությունը՝ Թեհրանում, Թավրիզում և այլ քաղաքներում, դուրս եկավ փողոց՝ վանկարկելով կարգախոսներ ադրբեջաներեն լեզվով՝ փորձելով ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա՝ փոխելու իր հավասարակշռված դիրքորոշումն Արցախյան հարցում:[21]

Այս իրադարձություններն Իրանի ներսում առաջացրել են պանթուրքիզմի վախեր. գաղափարախոսություն, որն աջակցում է թյուրքական ժողովուրդներին, ինչպես օրինակ, ադրբեջանցիներին և թուրքերին:[22] Սա նշանակում է, որ եթե պանթուրքիզմը հաղթի Իրանի հյուսիսային մասում, ապա Իրանի կասպիական էներգետիկ ռեսուրսների զգալի մասը կարող է հայտնվել անջատողականների ձեռքում: Սակայն այս հեռանկարը մեծապես կախված է նրանից, թե արդյոք Արցախը կմնա հայկական: Սա այն պատճառով, որ եթե Թուրքիային և Ադրբեջանին չհաջողվի հասնել իրենց նպատակին, ապա էրդողանական Թուրքիան երբեք չի կարողանա դառնալ տարածաշրջանային կարևոր դերակատար: Դրանից հետո Էրդողանի նեոօսմանական նկրտումները՝ պանթուրքիզմի նկատելի տարրերով, ընդմիշտ կնետվեն «պատմության աղբանոց»:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԻՐԱՆԸ

Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ փաստարկները ցույց են տալիս, որ ներկայիս մարտերը և թուրքամետ եզրահանգումներն Արցախյան հարցում էական էներգետիկ խնդիրներ կստեղծեն Իրանի համար: Վերջինս պետք է խուսափի սխալներից և հասկանա, որ Էրդողանն այն մեկը չէ, ում կարելի է վստահել. ինչպե՞ս կարող ես վստահել մեկին, ով օգտագործում է սիրիացի ահաբեկչական վարձկաններին իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար:

Հաշվի առնելով, որ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին, Իրանը պետք է քայլեր ձեռնարկի նրան ձախողելու համար: Նախ վերջինս պետք է ստիպի Ադրբեջանի ղեկավարությանը հետ ուղարկել սիրիացի վարձկաններին այնտեղ, որտեղից եկել են, քանի դեռ շատ ուշ չէ:

Երկրորդ, Իրանը պետք է շարունակի դիվանագիտական ջանքերը մարտերը դադարեցնելու ուղղությամբ: Երրորդ, Իրանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի խաթարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու Թուրքիայի ցանկությունը` իր հակահայկական և ենթադրյալ հակաիրանական քաղաքականության պատճառով: Հնարավոր է՝ Իրանը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել վերոնշյալ միջոցները՝ համագործակցելով Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան ունի հսկայական տարածաշրջանային ազդեցություն, և նրանց շահերը համընկնում են Արցախյան հակամարտության հարցում:

Ի՞ՆՉ ԿՏԱՆ ԻՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Հիմնվելով ընդհանուր դիրքորոշման և վերոնշյալ բոլոր փաստերի ամբողջության վրա՝ անհրաժեշտ է մշակել համատեղ նախագծեր տնտեսության ոլորտներում: Երթուղու գործարկումը թույլ կտա պաշտոնական Երևանին դառնալ «Պարսից Ծոց — Սև ծով» տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույց: Սա իրանական ապրանքների համար ճանապարհ կբացի դեպի Սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եվրոպա: Ի դեպ, երթուղու հայկական ուղղությունն ավելի կարճ է, քան Ադրբեջանով անցնող ճանապարհը:

Երևանի մասնակցությամբ նախագիծը կակտիվացնի նաև վրացական ուղղությունը: Հայաստանը կկարողանա Իրանին տրամադրել «ելք դեպի աշխարհ» իր տարածքի միջոցով, այն է`ՀՀ և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկա: Լինելով Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրը՝ դա կօգնի նաև կապող կամուրջ դառնալ այդ երկրների համար:

Արման Գյուլգազյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Քաղաքական տնտեսագիտություն, Լոնդոնի Թագավորական Համալսարան (King’s College London):

Տարոն Պիպոյան

Միջազգային հարաբերությունների մագիստրոս, Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքական գիտությունների համալսարան (LSE):

Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] The Dartmouth (2020), Arabian: Don’t Ignore the Caucasus

[2] Eurasianet (2020), Azerbaijan President Calls for Return to “Historic Lands” in Armenia

[3] McCormick, M. and Browe, D․ (2020), Oil Industry Reels from Historic Crash

[4] Keddie, P. (2020), What’s Turkey’s Role in the Nagorno-Karabakh Conflict?

[5] Cookman, L. (2020), Syrians Make Up Turkey’s Proxy Army in Nagorno-Karabakh

[6] Armstat.am (2020), External Trade Database by Country 2012-2019

[7] LloydsBankTrade.com (2020), Foreign Trade Figures of Armenia

[8] Armstat.am (2020), External Trade Database by Country 2019

[9] Hergnyan, S. (2019), Armenia-Iran Trade in 2018.  

[10] Mfa.am (2019), Armenia-Iran Bilateral Relations

[11] Mfa.am (2019), Armenia-Iran Bilateral Relations

[12] Harutyunyan, S. (2019), Iran Looks to Boost Gas Supplies to Armenia

[13] РИА Новости, ‘Бои в Карабахе ужесточились, заявили в Ереване’

[14] Հովհաննիսյան Ա., Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց վիճակը ծայրահեղ չէ

[15] Heil, A. (2020), Idle Threat? Azerbaijan’s Hint At Missile Strike On Armenian Nuclear Plant Increases Tensions

[16] Cookman, L. (2020), Syrians Make Up Turkey’s Proxy Army in Nagorno-Karabakh

[17] Al-Sulami, M. (2020), Iran’s evolving position in the Azerbaijan-Armenia conflict

[18] O’Byrne, D. (2019), Iran and Armenia propose gas transit to Georgia

[19] Gafarli, O. (2015), Turkish-Iranian Competition in the Middle East

[20] Arka News Agency (2020), Construction of back-to-back station on Armenia’s border with Georgia to kick off in 2021

[21] Radio Liberty (2020), Protests Erupt in Iran Backing Azerbaijan in Nagorno-Karabakh Conflict

[22] Faghihi, R. (2020), Azerbaijan-Armenia conflict raises spectre of ‘pan-Turkism’ in Iran

Միացեք մեր Telegram ալիքին