Օր 39-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Հերոսական ազատամարտը շարունակվում է

Հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

23:45

Շուշան Ստեփանյանը ՀՀ տարածքում խոցված չորրորդ ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարներն է հրապարակել. այն խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

21:40

Շուշան Ստեփանյան. Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:

20:47

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:

20:24

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

18:37

Արցախի ԱԻՊԾ. Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը. 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր:

16:14

Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են. ՊԲ:

14:01

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և, խոցելով հակառակորդի 3 տանկ, կասեցրել վերջիններիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

12:53

Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ. Շուշան Ստեփանյան:

10:50

Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում ժամը 10:46 միացել է օդային տագնապ ազդանշանը։ Քաղաքին հասցվել է 1 հարված։

10:03

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։

9:18

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

Միացեք մեր Telegram ալիքին