Օր 41. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններում շարունակվում են

Բանակային ստորաբաժանումները քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Նկար՝ © David Ghahramanyan / Ականանետային հաշվարկ

21:54

Շուշին մերն է ու վերջ
#Հաղթելուենք. Արծրուն Հովհաննիսյան:

21:52

Հայեր Շուշին չի ընկնելու. Արծրուն Հովհաննիսյան:

19:30

Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը հայտնում է, որ մարտադաշտում նախաձեռնողականությունն աստիճանաբար անցնում է հայոց բանակի ձեռքը։ «Այն, ինչ տեսնում եք այս օրերին մարտի դաշտում, պարզապես թշնամու վերջին հուսահատ ճիգերն են։ Բայց այդ ճիգերի միակ արդյունքը թշնամու զորքի անխնա կոտորածն է։ Այսօր ազգովի կերտում ենք այն Հայաստանը, որը Մովսես Գորգիսյանը հուշում էր՝ «վաղն է գալու»: Մի նոր, հզոր, թելադրող Հայաստան: Ուրեմն, առա՛ջ…»

© Ստեփան Սարգսյան \ Անառիկ դարձած Բերձորից #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

19:42

Շուշիի քաղաքապետը վստահեցնում է, որ Շուշին հուսալի ձեռքերում է, որովհետև քաղաքը պաշտպանում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը: Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքի պաշտպանության համար ընթացող մարտերում հակառակորդին լուրջ կորուստներ են պատճառել և շարունակում են պատճառել:

18:13

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։

17:56

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան:

13:35

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ 3 քաղաքացիական անձ է զոհվել: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։ Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

05.11.2020

Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս մասին հայտնել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

13:21

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան:

11:18

Բերձորի ուղղությամբ ոչնչացվել է թշնամական ստորաբաժանում՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդկային ուժով:

© ՊԲ \ Թշնամական ուժերի ոչնչացումը

10:43

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Միացեք մեր Telegram ալիքին