Օր 42. Հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

23:20

Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ աշխարհում ոչ մի տեղ այսքան Բայրաքթար չի զգետնվել, որքան մեր մոտ։

22:00

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ.

🔻 Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ:

🔻 Հյուսիսում թշնամու զորքերը հրետանու կրակի միջոցով փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել։

🔻 Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման գծեր։

🔻 Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

🔻 Սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ. թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:

🔻 Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են:

21:08

Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան:

20:07

Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից. Արծրուն Հովհաննիսյան:

18:43

Եթե հավատանք, եթե վստահենք մեր զորքին, հավատանք բոլորս, հավատանք անվերապահ միևնույնն է վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ #Հաղթելուենք. Արծրուն Հովհաննիսյան:

18:23

Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին. Արծրուն Հովհաննիսյան:

18:15

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ Ստեփանակերտը թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից: Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։

12:17

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Միացվել է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:

12.25

Օդային տագնապի ազդանշանն անջատվել է:

10:28

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

10:27

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան:

10:25

ՊԲ հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ Հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Համեցեք մեր Telegram ալիք